14:11 | 09.11.18 | Նորություններ | 14440
Beeline-ում այսօր նշվել է «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյակը։
10-րդ հոբելյանական ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց ստաժավորման ընթացքը։ Պաշտոնական արարողությանը հրավիրված էին նրանց մենթորները, Հայաստանի աշխատանքային կենտրոնների ներկայացուցիչները, ինչպես նաեւ այն աշխատակիցները, ովքեր Beeline են եկել «Երրորդ սերունդ» ծրագրի շնորհիվ։
Ծրագրի մասնակիցները կիսվել են ստաժավորման առաջին ամիսներից իրենց տպավորություններով, ինչպես նաեւ ներկայացրել են իրենց գաղափարներն ու առաջարկները՝ ընկերությունում ներդնելու համար։
«Երրորդ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2008թ.: Այս ընթացքում Beeline-ում ստաժավորում է անցել 130 ուսանող։ Նրանցից ավելի քան կեսն այսօր Beeline-ի աշխատակիցներ են, շատերը առանցքային պաշտոններ են զբաղեցնում։ Ավելին, ծրագրի մեկ մասնակիցն այժմ աշխատում է խմբի ընկերություններից մեկում՝ Ուկրաինայում։
«Մենք շատ ենք հպարտանում ստաժավորման այս ծրագրի հաջողությամբ, որի շնորհիվ մեր ընկերությունը համալրվում է նպատակասլաց, տաղանդավոր եւ ստեղծագործ երիտասարդներով։ Մենք էլ կարող ենք նրանց որոշ բաներ տալ՝ նրանցից յուրաքանչյուրին մենք առաջարկում ենք ստաժավորման անձնական պլան եւ կցում ենք հատուկ ղեկավար։ Ստաժորները կմասնակցեն մեր ընթացիկ նախագծերին, ինչպես նաեւ կունենան հետաքրքիր առաջադրանքներ, որոնք նրանց թույլ կտան կիրառել իրենց գիտելիքները եւ աշխատանքային փորձ ձեռք բերել՝ ուսմանը զուգահեռ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ի ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսերի ուսանողները (երրորդից սկսած), ովքեր առանձնանում են բարձր առաջադիմությամբ, նպատակասլացությամբ եւ ստեղծագործական մոտեցումներով։ Ստաժավորումն իրականացվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ ՏՏ, մարքեթինգ, իրավաբանական տնօրինություն եւ այլն։
Ծրագրի ավարտին լավագույն ստաժորները Beeline-ում աշխատանքի առաջարկ են ստանում։ «Երրորդ սերունդ» ծրագրի ընդունելությունն ընկերությունում տեղի է ունենում յուրաքանչյուր տարի՝ ապրիլից մայիս ամիսներին։ Ուսանողները պետք է համապատասխան դիմումը լրացնեն ընկերության կայքում: