10:44 | 01.11.18 | Նորություններ | 2916

Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել ԱՊՀ երիտասարդ առաջնորդների համար

ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային առաջնորդության դպրոցի առաջարկով՝ Ռալֆ Յիրիկյանը ներկայացել է հերթական դասախոսությամբ:

Ինտերակտիվ եւ անմիջական շփման ընթացքում բանախոսը խոսել է կառավարման պատասխանատու մոդելի առանձնահատկություններից, մասնավորապես՝ գործատու-աշխատակից քաղաքակիրթ հաղորդակցության կարեւորությունից, նպատակներ սահմանելու անհրաժեշտությունից, շուկայի ուսումնասիրություններն ու մրցակցային դաշտը գնահատելու նրբություններից:

Ռալֆ Յիրիկյանը լսարանին հորդորել է զերծ մնալ առաջնորդ դառնալը ինքնանպատակ դարձնելուց եւ ընտրել քայլ առ քայլ հաջողության հասնելու ճանապարհը. մտածել ոչ թե ուղղակի ղեկավար լինելու մասին, այլ ամենօրյա գործունեության հիմքում դնել աշխատասիրությունն ու հետեւողականությունը:

«Լավ, հաջողակ ղեկավար լինելու համար պետք է անընդհատ զինվել գիտելիքներով, դրանք կատարելագործել, կազմակերպության ներսում ապահովել թիմային աշխատանք, սեփական օրինակով առաջնորդել՝ ամենօրյա աշխատանքում: Հաջողության հասնելու նախապայմանը երազելն է, սեփական ուժերին հավատալը, սխալներից դասեր քաղելը եւ «հարմարավետության գոտուց» խուսափելը: Դժվարությունները կոփում են միտքը, կամքն եւ ամրացնում հաջողության հասնելու ձգտումը: Դրանք սովորեցնում են մտածել, ուղիներ փնտրել՝ այդպիսով ավելի ամուր դարձնելով մեզ: Իսկ երբ մարդն ամուր է էությամբ ու որակներով, ապա ոչ թե պաշտոնն է կշիռ հաղորդում նրան, այլ ինքը՝ ստանձնած պաշտոնին: Սա է կայացած եւ ուժեղ անհատի կարգախոսը»,- նշել է նա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ապագա առաջնորդներին խորհուրդ է տվել «ես-մենք» երկվության մեջ մշտապես կարեւորել թիմի դերը եւ վաստակել աշխատակիցների հարգանքը ոչ թե վախով, այլ վստահությամբ, նպաստել բոլորի «ես»-ի առողջ զարգացմանը՝ հիմքեր ստեղծելով ամուր «մենք»-ի համար:

«Առաջնորդությունը ժամանակակից աշխարհում ունի իր տեղն ու ազդեցությունը: Գործարար ոլորտում հաջողության հասնելու եւ ընկերության դիրքերն ամրապնդելու համար առանցքային պայման է առաջնորդության հիմունքների իմացությունն ու դրանց ճիշտ կիրառումը: Տնտեսության ու կորպորատիվ կառավարման ոլորտի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի նոր սերնդին գործարար առաջնորդության հմտություններն ու զարգացման նոր միտումները ներկայացնելը: Այսօրինակ հանդիպումները խթանում են ստեղծագործաբար մտածելու ու նորը ստեղծելու հմտությունների զարգացումը երիտասարդության շրջանում»,- ընդգծել է բանախոսը:

Հանդիպումն ավարտվել է մտքերի փոխանակմամբ: