14:23 | 30.10.18 | Նորություններ | 3419

2019թ. սկզբին ՀՀ վարչապետը Սիլիկոնյան հովիտ կայցելի

2019թ. սկզբին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Սիլիկոնյան հովիտ:

Այս մասին ասել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ ամերիկյան Salesforce ընկերության գլխավոր գիտաշխատող Ռիչարդ Սոհերի հետ հանդիպման ժամանակ:

FAST հիմնադրամի հրավերով Երեւան ժամանած Ռիչարդ Սոհերն, ի պատասխան, նշել է, որ ուրախ կլինեն հյուրընկալել վարչապետին Salesforce-ի գրասենյակում:

Salesforce-ը հայտնի է որպես բիզնես գործընթացների, մասնավորապես, հաճախորդների հետ հարաբերությունների ղեկավարման (Customer relationship managment) աշխարհի թիվ մեկ պլատֆորմ։ Այն ամպային տեխնոլոգիաների հիմքի վրա ստեղծված գործիք է, որից օգտվում է ավելի քան 150 հազ. ընկերություն ամբողջ աշխարհում։

Ռիչարդ Սոհերը մասնագիտացած է արհեստական բանականության ուղղությամբ եւ այս թեմայով դասախոսություններով հանդես կգա Երեւանում։ Նախատեսվում է նաեւ այց Պոլիտեխնիկական համալսարան եւ «Թումո» տեխնոլոգիական կենտրոն։

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը` նշելով, որ Հայաստանի բնակչությունը մեծ չէ, բայց հայ մասնագետները յուրահատուկ են բարդ խնդիրներ լուծելու ունակությամբ։

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաեւ հայաստանյան տեխնոլոգիական բիզնես միջավայրին ու ոլորտի զարգացման հետ կապված կառավարության տեսլականին։ Նա նշել է, որ Հայաստանում խնդիր կա կրթական հաստատություններում մասնագիտական գիտելիքներից բացի նաեւ բիզնես հմտությունների բացը լրացնել։

Հակոբ Արշակյանն իր խոսքում ասել է, որ Salesforce-ին գուցե հետաքրքրի ՀՀ բուհերի` մասնավորապես, Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը` հաշվի առնելով, որ տաղանդներ փնտրելիս կարեւոր է հետազոտության փուլը, ինչի ներուժն առկա է Պոլիտեխնիկում։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կապ պահպանել եւ Հայաստանի թվային վերափոխումների պլանի վերջնական տարբերակն ունենալուն պես կրկին վերադառնալ համագործակցության շուրջ քննարկումներին։