15:27 | 25.10.18 | Նորություններ | 3061

Մայրաքաղաքում կանցկացվի «Կլիմաթոն Երեւան» հաքաթոնը

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում կմեկնարկի կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երեւան» հաքաթոնը:

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» կողմից անցկացվող միջոցառման նպատակն է մշակել նորարար եւ օպտիմալ լուծումներ, որոնք միտված են բարելավելու քաղաքի բնապահպանական եւ էներգետիկ կառավարումը՝ նպաստելով քաղաքի օդի մաքրությանը:


Արդեն երկրորդ անգամ անցկացվող հաքաթոնին մասնակցում են ծրագրավորման եւ տվյալների վերլուծության մեջ հմտացած 40 ինժեներներ, երիտասարդ գիտնականներ եւ նորարարներ:

Հաքաթոնի սկզբում փորձագետները կներկայացնեն քաղաքի էներգետիկ կառավարման, բնապահպանական եւ կլիմայական մարտահրավերներն ու դրանց լուծումների հիմնական ուղղությունները: Այնուհետեւ մասնակիցները թիմերի կբաժանվեն եւ լուծումներ կմշակեն:

Կլիմայական մարտահրավերներին նվիրված գլոբալ հաքաթոնը միաժամանակ անցկացվում է աշխարհի 45 երկրի 104 քաղաքում:

Յուրաքանչյուր քաղաք հաստատում է իր կլիմայական մարտահրավերը, այնուհետեւ 24 ժամվա ընթացքում մասնակիցները լուծումներ են մշակում տվյալ մարտահրավերի համար, ներկայացնում են ժյուրիին: Լավագույնները հնարավորություն են ստանում զարգացնել իրենց գաղափարներն ու դրանք կիրառել քաղաքում: