16:58 | 24.10.18 | Նորություններ | 10584

Ucom-ի հովանավորությամբ ՀԱՊՀ-ում կայացել է «Տեխնոշաբաթ»-ը

Ucom-ի հովանավորությամբ կայացել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների նախաձեռնությամբ կազմակերպած «Տեխնոշաբաթը», որը նվիրված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին։

«Տեխնոշաբաթի» մասնակիցները պետք է ձեւավորեին իրենց թիմերը՝ կազմված 2-5 հոգուց եւ Նորարարական գաղափարների մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ ներկայացնեին։ Թիմի հետ աշխատելու ընթացքում ուսանողները մասնագիտական խորհրդատվության հնարավորություն են ունեցել, որպեսզի զարգացնեն իրենց գաղափարները, ներկայացնեն փորձառու ժյուրիին եւ կարողանան ներգրավել պոտենցիալ ներդրողների։

Հաղթող է ճանաչվել SFA թիմն՝ իր nvestigetoRobot փակ տարածությունները հետախուզող ռոբոտով, եւ ստացել է Ucom ընկերության կողմից սահմանված հատուկ մրցանակը։ Երկրորդ տեղում է Three Smart թիմը՝ Cartbot ավտոմատացված սայլակով, որը նախատեսված է օդակայաններում, մեծ մոլերում եւ խանութներում մարդկանց բեռներն առանց միջամտության տեղափոխելու համար: Երրորդ տեղն է զբաղեցրել GGT թիմը՝ մարտկոցների կյանքը երկարացնող միջոցով։

«Որպես Պոլիտեխնիկի շրջանավարտ եւ տեխնոլոգիապես նորարար ընկերության համահիմնադիր՝ անմասն չեմ կարող մնալ Հայաստանի տնտեսության ամենակարեւոր ճյուղերից մեկի զարգացմանը նպաստող այս միջոցառումից։ Ucom-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում աշխատում ենք այնպիսի ծրագրերի աջակցել, որոնք հիմք են դնում ինժեներների նորագույն սերնդի ձեւավորմանը, նրանց մասնագիտական զարգացմանն ու կարիերայի աճին»,- նշել է Ucom-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 15-22-ը ուսանողները հնարավորություն ունեին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում այցելել եւ ծանոթանալ համալսարանում առկա ենթակառուցվածքներին, մասնակցել ինժեներական նախագծերի ցուցահանդեսին, դառնալ նորարարական գաղափարների մրցույթի մասնակից եւ առաջարկել իրենց նորարար գաղափարները։

Միջոցառումն ուղեկցվել է վարպետության դասերով, սեմինարներով, հանդիպում-քննարկումներով։ Ուսանողները հանդիպել են ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, հիմնադիր տնօրենների հետ եւ ստացել հետաքրքրող հարցերի պատասխանները։