15:45 | 23.10.18 | Նորություններ | 3867
ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
14-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շրջանակում այս տարի ՀՀ պետական կրթական մրցանակի է արժանացել 25 ուսանող եւ 18 աշակերտ:
«Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» եւ «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մեր հասարակության մեջ վաղուց կա այն գիտակցումը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզանում պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր, պետք է դառնա մեր գիտարար տնտեսության կարեւոր հենասյուներից մեկը: Դա պայմանավորած է ոչ միայն եւ ոչ այնքան մեր երկրի բնական պաշարների սակավությամբ, որքան ժամանակակից աշխարհի հետ համաքայլ գնալու անհրաժեշտությամբ»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:
Մրցանակաբաշխությանն այս տարի մասնակցել է 106 ուսանող երկրի 6 համալսարաններից, ինչպես նաեւ 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող 8 դպրոցներից:
Մինչ օրս մրցանակին 489 ուսանող եւ աշակերտ է արժանացել: