12:09 | 23.10.18 | Նորություններ | 3343

PLA հեղափոխական նյութի առօրյա օգտագործման 5 տարբերակ

Դեռ տարվա սկզբին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ը արգելեց պալատի տարածքում օգտագործել միանգամյա սպասք (հոդվածը հասանելի է այստեղ)։ Սիմվոլիկ, բայց եւ խոսուն այդ արգելքը հորդոր էր մի ամբողջ ազգի՝ անցում կատարել վերամշակվող նյութերից պատրաստված այլընտրանքներին։

Շրջակա միջավայրի պահպանման խնդիրն օրեցօր ավելի է լրջանում, եւ արդեն պարզ է դառնում, որ կտրուկ միջոցներ են անհրաժեշտ բնության պահպանման համար: Կարծում ենք՝ չեք զարմանա, երբ իմանաք, որ ձեռնարկվող քայլերը սկիզբ են առնում մոլորակի վրա պլաստմասե իրերի կիրառումը կրճատելու ուղղությամբ: Ու չնայած ներկայում գոյություն ունեն պլաստիկը ոչնչացնող միկրոբներ, տեխնոլոգիական զարգացումը հնարավորություն է տալիս ստեղծել ու առօրյայում օգտագործել այլընտրանքային՝ շրջակա միջավայրի եւ առողջության համար ավելի անվնաս նյութեր։

Այդպիսի նյութերից է պոլիլակտիկ կաթնաթթուն (PLA –Polylactic acid), որը ստացվում է շաքարեղեգից կամ օսլայից (կարտոֆիլից կամ եգիպտացորենից) եւ օգտագործվում է որպես պլաստիկի փոխարինիչ: Այն ներկայում շատ արագ տարածում է ստանում ամենատարբեր ոլորտներում, քանի որ՝

- Ավելի անվտանգ է շրջակա միջավայրի համար: Բնությանը հասցվող վնասը նվազեցնելու նպատակով մի շարք երկրներ, այդ թվում՝ Իռլանդիան, Չինաստանը, Ուգանդան եւ Հարավային Աֆրիկան արդեն արգելք են դրել պոլիէթիլենային տոպրակների օգտագործման վրա, քանի որ հենց այս տոպրակներն են ամբողջ աշխարհում առաջ քաշել այսպես կոչված «սպիտակ աղտոտումը»:

- Եգիպտացորենի օսլայից ստացվող ցանկացած իր հանդիսանում է կենսաբանորեն վերամշակելի փոխարինող նյութ, որը մերօրյա աշխարհին ուղղակի անհրաժեշտ է։

- Պոլիլակտիկ թթուն չի պարունակում թունավոր նյութեր, ինչի արդյունքում 68 տոկոսով կրճատվում է արտանետվող գազի քանակը՝ համեմատած նավթային հիմքով պլաստիկի հետ:

- Այն պատրաստելու համար պահանջվում է 65 տոկոսով ավելի քիչ էլեկտրաէներգիա։

1. Վերամշակելի սպասք

Վստահ ենք, որ գոնե մեկ անգամ օգտվել եք միանգամյա օգտագործման պլաստիկ սպասքից, հատկապես ամռանը, երբ քաղաքի թոհուբոհից հանգստանալու համար բնության գրկում համե՜ղ ուտելիք եք պատրաստում: Եվ, իհարկե, ամեն րոպե պլաստիկ բաժակներ են դեն նետվում՝ բնությանը պատճառելով ահռելի վնաս, էլ չենք խոսում առողջությանը հասցրած վնասի մասին։ Տվյալ պայմաններում PLA բաժակները խնդրի համար հիանալի լուծում են հանդիսանում։

Շրջակա միջավայրին հասցվող վնասը հնարավոր է զգալիորեն կրճատել՝ շնորհիվ եգիպտացորենի օսլայից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, որը հնարավոր է վերամշակել եւ այդպիսով հնարավորինս նվազեցնել աղտոտվածության մակարդակը: Օրինակ՝ ամբողջ աշխարհում հայտնի Սթարբաքսը $10 մլն է հատկացրել, որպեսզի անցնի եգիպտացորենի օսլայից պատրաստված բաժակների։ Սա գլոբալ զարգացման առաջին եւ կարեւորագույն քայլերից է, ինչը թույլ կտա լուծել համաշխարհային մասշտաբով ամենակարեւոր խնդիրներից մեկը։

2. Սիգարետի ֆիլտր

Նորագույն տեխնոլոգիաները ամեն կերպ փորձում են լուծել խնդիրներ, որոնք նախկինում անհնար էին թվում։ Որքան էլ զարմանալի է, ծխախոտային արդյունաբերությունը նույնպես մեծ ներդրումներ է կատարում մարդկանց առողջությանը եւ միջավայրին հասցրած վնասը նվազեցնելու ուղղությամբ։

Սիգարետի ֆիլտրերի մեծամասնությունը պատրաստվում են ցելյուլոզային ացետատի (CA) կամ պոլիպրոպիլենի (PP) կիրառմամբ, որոնք շատ դանդաղ են քայքայվում շրջակա միջավայրում: Սակայն նորարարական արտադրանքների ֆիլտրերը, ինչպիսիք են, օրինակ, թութունի տաքացման համակարգով աշխատող գլանակները, արդեն իսկ պատրաստվում են վերամշակելի նյութերից՝ եգիպտացորենի օսլայից։ Պոլիլակտիկ կաթնաթթուն (PLA) ամբողջովին լուծվում է ջրում ու այդ իմաստով հրաշալի հումք է ֆիլտրերի պատրաստման համար: Նման ֆիլտրերը կարող են օգտագործվել նաեւ այրվող սիգարետի մեջ, քանի որ ի զորու են նվազեցնել ծխի, նստվածքի կամ այլ մասնիկների ծավալը, որոնք մարդը ներշնչում է ծխելիս: Այն նաեւ գրեթե աննշան է դարձնում ծխախոտի հոտը։

3. Թեյի փաթեթներ

Կարծում ենք՝ ոչ բոլորն են տեղյակ, որ մարդկանց կողմից գրեթե ամեն օր օգտագործվող թեյի փոքրիկ փաթեթները նույնպես պատրաստվում են պլաստիկից: Նեյլոնից կամ պոլիէթիլենից պատրաստվող այս փոքրիկ փաթեթները հալչում են ~250 °C-ում, ինչը իսկապես վնասակար է առողջության համար եւ դժվար է դարձնում է շրջակա միջավայրում քայքայվելու գործընթացը:

Այստեղ եւս օգնության են գալիս եգիպտացորենի օսլայից պատրաստված թեյի փաթեթները, որոնք նույն վտանգը չեն պարունակում: Օրինակ, ինչպես հայտնում է The Guardian պարբերականը՝ The Co-op-ը (Մեծ Բրիտանիայի խոշորագույն սպառողական կոոպերատիվը) կսկսի արտադրել մեկանգամյա օգտագործման կենսաբանորեն քայքայվող թեյի փաթեթներ: Կազմակերպությունը կհրաժարվի բաղադրության մեջ պոլիպրոպիլենի օգտագործումից, որը կիրառվում էր թեյի փաթեթի ձեւը պահպանելու համար: Այն կփոխարինվի պոլիլակտիկ կաթնաթթվի հիմքով արտադրվող փաթեթներով (PLA)։ Տվյալ տեսակը քայքայվում է 6-8 շաբաթում եւ թունավոր չէ շրջակա միջավայրի համար:

4. «Բիո Ռոբոտ» սառնարաններ

Վերջերս Electrolux ընկերությունը ներկայացրել է սառնարանի նոր տեսակ։ Այն ստեղծվել է՝ ելնելով ամենամյա Electrolux Design Lab մրցույթին ներկայացված գաղափարից։ Սառնարանը, որն անվանել են Bio Robot Refrigerator, հիմնված է լյումինեսցենցիայի սկզբունքի վրա եւ սառեցնում է մթերքը բիոպոլիմեր գելի միջոցով: Մթերքները պահպանվում են հենց այդ գելում։

Նորարարական այս սառնարանում մեզ ծանոթ սառնարանների նման դարակներ չկան: Այն 4 անգամ ավելի փոքր է, քան մերօրյա սառնարանները, եւ նման է թափանցիկ դռնով պահարանի: Ներսում միայն բիոպոլիմեր կանաչ գել է: Գելը չի կպչում մթերքներին եւ չի փչացնում դրանք: Հակառակը․ պահում է թարմ եւ անվնաս։

5. Բնական տակդիրներ

Հետաքրքիր է այն փաստը, որ եգիպտացորենի օսլան օգտագործվում է նաեւ տակդիրների արտադրության մեջ: Եթե Ձեր գնած տակդիրը բնական նյութերից է պատրաստված, համոզված եղեք, որ դրա բաղադրության մեջ անպայման ընդգրկված է եգիպտացորենի օսլան, որը շատ արդյունավետ է հեղուկը կլանելու գործում:



Ինչպես տեսնում եք՝ հնարավոր է օգտվել առօրյայում մեծ պահանջարկ վայելող իրերից՝ միաժամանակ չվնասելով շրջակա միջավայրին եւ Ձեր իսկ առողջությանը: Հարկավոր է միայն փնտրել այլընտրանքներ, իսկ ինչպես գիտեք՝ ով փնտրում է, միշտ գտնում է: