17:52 | 22.10.18 | Նորություններ | exclusive 10329
Renderforest հայկական ստարտափը, որը ներկայացնում է վիդեո անիմացիաներ ստեղծելու համանուն հարթակը, Fimetech ընկերության հետ համատեղ գործարկել է արհեստական բանականության եւ մեքենայացված ուսուցման լուծումներով հնարավորություն:
Itel.am-ին Renderforest-ում տեղեկացրել են, որ նախաձեռնությունը համաշխարհային շուկայում միակն է իր տեսակի մեջ:
«Օգտագործելով մինչ այժմ պատրաստված տեսանյութերի սցենարների ինֆորմացիան՝ ավտոմատացված համակարգը նոր անիմացիա է ստեղծում օգտատերերի տրամադրած տեքստի հիման վրա: Սա կօգնի օգտատերերին վիդեոպատրաստման ընթացքում ոչ միայն ժամանակ խնայել, այլեւ հնարավորություն կտա հաշվի առնել նույն սցենարի մի քանի հավանական տարբերակ եւ ընտրել լավագույնը։ Այս հնարավորությունը հասանելի է ինչպես բաժանորդագրված, այնպես էլ կայքից անվճար օգտվելու ցանկություն ունեցող օգտատերերին»,- նշել են ստարտափում:
Ներկայում Renderforest-ն ունի ավելի քան 8000 օրական գրանցում, 3 միլիոնից ավելի օգտատեր՝ ամբողջ աշխարհում, իսկ հարթակի միջոցով պատրաստված վիդեոների քանակը գերազանցում է 10 միլիոնը:
Ընկերությունում նշել են, որ մտադիր են ընդլայնել արհեստական բանականության եւ մեքենայացված ուսուցման լուծումների կիրառումը՝ ապագայում առաջարկելով ոչ միայն անիմացիոն տեսարաններ, այլեւ լիցենզավորված ֆոտոներ եւ վիդեոներ: