12:28 | 24.09.18 | Նորություններ | exclusive 18699
Itel.am-ը դիմել է Հայաստանի մոբայլ կապի երեք օպերատորներին՝ խնդրելով մեկնաբանել շարժական կապի բաժանորդներին անսահմանափակ ինտերնետով սակագնային պլաններ տրամադրելու պրակտիկան եւ հնարավորությունները:
Հարցերն ու պատասխանները ներկայացնում ենք ստորեւ:
Ձեր ընկերությունը ներկայում շարժական կապի բաժանորդներին առաջարկո՞ւմ է անսահմանափակ ինտերնետով սակագնային պլաններ (օրական, շաբաթական կամ ամսական կտրվածքով):
Beeline
Ոչ, ներկայում անսահմանափակ ինտերնետով սակագնային պլաններ չեն վաճառվում, սակայն այն բաժանորդները, ովքեր նախկինում ձեռք են բերել նման սակագնային պլաններ, կամ ակտիվացրել են նման ծառայություններ, շարունակում են օգտվել մինչեւ այսօր:
ՎիվաՍել-ՄՏՍ
«X» եւ «Y» սակագնային պլանների շրջանակներում (համապատասխանաբար՝ ակտիվացման 5000 եւ 2800 դրամ ամսական վճարի դիմաց) տրամադրվում է անսահմանափակ ինտերնետ՝ թոփ 5 հիմնական հաղորդակցման հավելվածներից օգտվելու դեպքում (Telegram, WhatsApp, Viber, Messenger, Zangi), եւ այդ հավելվածներից դուրս ինտերնետի օգտագործումը սահմանափակված է սակագնային պլանում ներառված համապատասխանաբար 10 ԳԲ եւ 5 ԳԲ ինտերնետ փաթեթի չափով:
Ucom
Ոչ։
Ընկերությունը նախկինում ունեցե՞լ է անսահմանափակ ինտերնետով սակագնային փաթեթներ: Եթե այո, խնդրում ենք նշել փաթեթների տրամադրման դադարեցման պատճառը (պատճառները):
Beeline
Այո, ունեցել է: Այդ փաթեթները դադարեցվել են, որպեսզի բոլոր բաժանորդները հնարավորություն ունենան օգտվել ավելի որակյալ ինտերնետից: Անսահմանափակ ինտերնետի առկայության ժամանակ բաժանորդների միայն 5%-ն էր կարողանում օգտվել գերարագ ցանցի առավելություններից՝ գերծանրաբեռնելով այն, իսկ մյուս բաժանորդները հնարավորություն չէին ունենում լիարժեք օգտվել տրամադրվող ինտերնետ ծառայություններից: Այս փոփոխությունները հնարավորություն են տվել հավասարակշռել ինտերնետի օգտագործումը, որպեսզի բոլոր բաժանորդները հավասարապես կարողանան օգտվել որակյալ ինտերնետից:
ՎիվաՍել-ՄՏՍ
Նախկինում ընկերությունը տրամադրում էր ցածր արագությամբ անսահմանափակ ինտերնետ, սակայն ներկայումս նշված սակագնային պլանները այլեւս հասանելի չեն բաժանորդագրության համար, իսկ այն բաժանորդները, որոնք արդեն բաժանորդագրված են եղել նշված սակագնային պլաններին, շարունակում են օգտվել ցածր արագությամբ անսահմանափակ ինտերնետից:
Դադարեցման պատճառը ցանցի վրա առաջացող գերծանրաբեռնվածությունն էր եւ տրաֆիկի աճի անկանխատեսելիությունը՝ հիմնականում երկարատեւ եւ անբարեխիղճ օգտագործման պատճառով:
Ucom
Այս հարցին Ucom ընկերությունը բազմիցս պատասխանել է։ «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնեմասի ձեռքբերումից հետո, ելնելով շարժական կապի շուկայում առկա մարտահրավերներից, փոփոխվել է այդպիսի ծառայությունների տրամադրման ռազմավարությունը։
Եթե ընկերությունը ներկայում չունի անսահմանափակ ինտերնետով սակագնային պլան շարժական կապի հաճախորդների համար, ո՞րն է նմանատիպ ծառայությունների չտրամադրման պատճառը:
Beeline
Նպատակը մեկն է, խուսափել ցանցի գերծանրաբեռնվելուց` քիչ թվով բաժանորդների կողմից եւ բոլոր բաժանորդների համար ապահովել արագ եւ որակյալ ինտերնետ հասանելիություն։
ՎիվաՍել-ՄՏՍ
Անսահմանափակ սակագնային պլաններ հնարավոր կլինի տրամադրել միայն ընկերության ենթակառուցվածքների եւ համակարգերի տեխնիկական հսկայական վերազինման պայմաններում, որը թույլ կտա տրամադրել նշված ծառայությունը առանց էապես վնաս հասցնելու մատուցվող ձայնային եւ ինտերնետ ծառայությունների որակին:
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ բջջային ինտերնետի ծառայությունների գներն ու տրամադրման պայմաններն ուղղակիորեն կախված են Հայաստանում ինտերնետի մեծածախ շուկայի առանձնահատկություններից: Ըստ այդմ՝ ընկերությունը կիրառում է «կանխատեսելի տրաֆիկ» (predictable traffic) մոտեցումը:
Ucom
Բոլոր այն բաժանորդները, ովքեր նախկինում օգտվել են անսահմանափակ ինտերնետի հնարավորությունից, առ այսօր շարունակում են վայելել այն սակագնային պլանի ներառումները, որին ի սկզբանե բաժանորդագրվել են։ Այդ առումով Ucom-ը որեւէ փոփոխություն չի իրականացրել։
Ներկայումս առաջարկվող սակագնային պլանների ներառումներով տրամադրվող շարժական ինտերնետի ծավալը հաշվարկված է՝ ելնելով բացառապես որակի ապահովման նպատակից։ Հատկանշական է, որ հայաստանյան հեռահաղորդակցման շուկայի օպերատորներից Ucom-ը վերջին երեք տարվա ընթացքում ամենածավալուն կապիտալ ներդրումներն է իրականացրել ցանցի արդիականացման եւ որակի բարելավման նպատակով։ Հարկ է նշել նաեւ, որ, ի տարբերություն ֆիքսված ցանցի տեխնիկական հնարավորությունների, շարժական ցանցի հաճախական տիրույթներն ունեն իրենց սահմանափակումները, ինչը հսկայածավալ օգտագործման դեպքում կարող է հանգեցնել ծառայության որակի անկմանը, ինչը ցանկալի չէ եւ չի բխում մեր հաճախորդների շահերից։
Ըստ շրջանառվող լուրերի, անսահմանափակ ինտերնետ փաթեթների չտրամադրումը կապված է նաեւ հանրության շրջանում հաղորդակցման հավելվածների նկատմամբ մեծացող հետաքրքրությունը եւ սպառումը կանխելու հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
Beeline
Մենք՝ որպես կապի օպերատոր, ունենք միայն մեկ նպատակ, այն է՝ տրամադրել մեր հաճախորդներին լավագույն ծառայություններ եւ ապահովել այդ ծառայություններից լիարժեք օգտվելու հնարավորությունը։
ՎիվաՍել-ՄՏՍ
Հիմնական հաղորդակցման հավելվածները (Telegram, WhatsApp, Viber, Messenger, Zangi) ներառված են անսահմանափակ օգտագործման պայմաններով «X» եւ «Y» սակագնային պլանների շրջանակներում, ինչպես նաեւ 10 ԳԲ եւ 5 ԳԲ ինտերնետ փաթեթ՝ այլ հավելվածներից եւ կայքերից օգտվելու համար: Իսկ ընկերության կողմից առաջարկվող «Viva» սակագնային վեց տարբերակներից («Viva 1500», «Viva 2500», «Viva 3500», «Viva 5500», «Viva 7500», «Viva 9500») յուրաքանչյուրը ներառում է ինտերնետի ֆիքսված փաթեթ, որը նույնպես միջին օգտագործողի համար բավարար ծավալ է հիմնական հաղորդակցման հավելվածներից օգտվելու համար:
Ucom
Մեր կարծիքով՝ սա անտրամաբանական եզրահանգում է, քանի որ Հայաստանում լայն կիրառություն ունեցող հայտնի OTT-ծառայությունների եւ բջջային հավելվածների անխափան աշխատանքի համար անհրաժեշտ ինտերնետի ծավալը փոքր է։ Ավելին՝ Ucom-ը որդեգրել է թվային ընկերություն դառնալու ուղղությունը, հետեւաբար միայն խրախուսում է հավելվածների նկատմամբ բաժանորդների հետաքրքրությունը։