16:07 | 20.09.18 | Նորություններ | 4688

Հակոբ Արշակյանն այցելել է Zangi-ի գրասենյակ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է հայկական Zangi ընկերության երեւանյան գրասենյակ։

Ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը նախարարի տեղակալին ներկայացրել է գրասենյակի պայմանները, անդրադարձել ստեղծումից մինչեւ հաջողություն ընկած ճանապարհի պատմությանը։

Viber-ի ու Skype-ի մրցակից ընկերությունը Հայաստանում հիմնվել է դեռեւս 10 տարի առաջ։ Այսօր այն ունի 40 աշխատակից։


«Դասական ստարտափ ենք: Գաղափարն ունեի, բանկից փորձեցի վարկ վերցնել։ Անհրաժեշտ 3 միլիոնից միայն 2-ը տվեցին, մյուս միլիոնը ստիպված էի ընկերոջիցս պարտքով վերցնել»,- պատմել է Վահրամ Մարտիրոսյանը:

Zangi-ի թիմը սկզբում զբաղվել է աութսորսինգով, իսկ 2013թ. սկսել է զբաղվել առաջին հայկական մեսենջերի մշակմամբ: 2016թ. որոշել են սկսել բիզնես հաճախորդներին Zangi-ի տեխնոլոգիան վաճառելու գործընթացը։

Վահրամ Մարտիրոսյանի խոսքով, նույն տեմպերով շարունակելու դեպքում 2020թ. կհասնեն 1 մլրդ կապիտալիզացիայի։


Հակոբ Արշակյանն էլ խոստացել է քննարկումներ սկսել, որպեսզի կառավարական օղակներում, անհրաժեշտության դեպքում, հենց «Զանգի»-ն օգտագործվի որպես հաղորդակցության միջոց:

Նախարարի տեղակալը վստահեցրել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ ձեռներեցների համար ավելի բարենպաստ միջավայր ստեղծվի գաղափարները կյանքի կոչելու, ինչպես նաեւ այդ գաղափարները հաջող բիզնեսի եւ նոր աշխատատեղերի վերածելու համար։