16:29 | 19.09.18 | Նորություններ | 12546

Ռալֆ Յիրիկյանը բաց դաս է վարել ապագա առաջնորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նախօրեին «Առաջնորդության դպրոցի» հրավերով բաց դաս է վարել՝ երիտասարդներին ներկայացնելով ընկերության բիզնես-կառավարման մոդելը:

Ամենատարբեր հետաքրքրություն եւ ոլորտների շրջանակ ընդգրկող լսարանը ծանոթացել է ընկերության տասնամյա պատմությանը, վարկանիշի ձեռքբերման փորձին, շուկայում առաջատարության դիրքերի պահպանմանն ուղղված ջանքերին, ինչպես նաեւ ընկերության գլխավոր տնօրենի անցած ճանապարհին:

«Բոլորն իրենց գործում ձգտում են հաջողության: Դրան հասնելու ճանապարհները, սակայն, տարբեր են: Տարբեր է նաեւ հաջողության սահմանումը. մեկի համար դա ուղղակի բիզնեսի շահերով առաջնորդվելն է, մյուսի համար՝ եկամուտ ապահովելը, երրորդի համար՝ ժամանակակից աշխարհի տեմպերին չզիջելը, մեկ ուրիշի համար՝ աշխատակիցների ու հասարակության համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը եւ այլն: Կարելի է թվարկումը շարունակել: Իրական հաջողությունն այս ամենի հանրագումարն է եւ կառավարման պատասխանատու մոդելի ընտրությունը: Այդ ճանապարհը հեշտերից չէ: Այն պահանջում է ոչ միայն ամենօրյա աշխատանք, այլեւ ձեռք բերված հեղինակությունը պահպանելու կամք: Այն, որ դուք այստեղ եք եւ ձգտում եք տարիների մեր փորձն ուսումնասիրել, վկայում է, որ կարող եք այդ փորձից անհրաժեշտ գիտելիք ստանալ եւ այն կիրառել ձեր գործում: Երազեք եւ իրականացրեք ձեր ծրագրերը»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Ինտերակտիվ շփման արդյունքում դասախոսության մասնակիցները ծանոթացել են ոչ միայն ոլորտի զարգացման առանձնահատկություններին, այլեւ բացահայտել, որ երկարաժամկետ հաջողության համար կարեւոր է կառավարման գործիքների ընտրությունը: