16:11 | 14.09.18 | Նորություններ | 11665

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ կանցկացվի ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

Սեպտեմբերի 15-ին «Այբ» դպրոցում «Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ կանցկացվի ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը, որին կմասնակցի 12 թիմ:

Հաղթողը կներկայացնի Հայաստանը օլիմպիադայի միջազգային փուլում, որը տեղի կունենա նոյեմբերին՝ Թաիլանդում։

Մրցույթն անց է կացվում «Սնունդը կարեւոր է» կարգախոսի ներքո, եւ մասնակից թիմերը պետք է ստեղծեին ռոբոտներ, որոնք կարող են օգնել նվազեցնելու սննդային թափոնները, հավաքել տարբեր ֆերմաների դաշտերի հողի որակի վերաբերյալ տվյալներ, կարգավորել նավերում առկա ջերմաստիճանն այնպես, որ սննդի փոխադրման ընթացքում արագ փչացող տարբեր սննդատեսակներ պահպանվեն անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններում եւ այլն։

Ցանկացողները ժ․16։00-ից սկսած կարող են մասնակցել հյուրերի համար նախատեսված ծրագրին՝ շրջայց եւ ռոբոտների ցուցադրություն ՖաբԼաբ-ում, լեգո խաղեր Mind Centre-ի եւ Whiz Code Academy-ի հետ, այց «Այբ» դպրոցի Լեգո Լաբ, ազգային պարերի ուսուցում, հյուրասիրություն (ֆուրշետ, թեյ, սուրճ)։

2004թ. ստեղծված Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի նպատակը աշխարհի երեխաներին եւ երիտասարդներին ռոբոտաշինության գաղափարի շուրջ միավորելն է։ Մրցույթին ամեն տարի մասնակցում է 6-25 տարեկան 60.000-ից ավելի երեխա եւ երիտասարդ՝ աշխարհի ավելի քան 60 երկրից:

Հայաստանում մրցույթի ազգային փուլն անցկացվում է 2016թ.-ից: Մրցույթի պաշտոնական կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է։ Այս տարի օլիմպիադայի հայաստանյան փուլի հովանավորն է «Ռոստելեկոմ» ընկերությունը։