11:36 | 10.09.18 | Նորություններ | exclusive 168071

Bluenero. ՀՀ-ում ստեղծված առաջին սմարթ ակվարիումը

Հայաստանում հիմնադրված Bluenero ստարտափը մշակել է աշխարհի առաջին սմարթ ակվարիումը, որը հեշտացնում եւ զվարճալի է դարձնում ձկնապահությունը:

Itel.am-ի հետ զրույցում Bluenero-ի գործադիր տնօրեն Վահե Թումանյանը տեղեկացրել է, որ Indiegogo հարթակում սեպտեմբերի 4-ից մեկնարկել է քրաուդֆանդինգ արշավ, որի շրջանակում հնարավոր է նախապես պատվիրել ակվարիումը:

Կոնցեպտի մասին

Վահե Թումանյանի խոսքով, աշխարհում օրեցօր զարգանում է ակվարիումային արդյունաբերությունը:

 

«Մենք վերստեղծել ենք ակվարիում երեւույթը՝ մի կողմից նրան տալով դասական ու կոմպակտ դիզայն, մյուս կողմից՝ այն դարձրել ենք բոլորը մեկում խելացի եւ ժամանակակից համակարգ։ Տալիս ենք ձկնապահներին հնարավորություն սմարթֆոնի օգնությամբ հոգ տանել իրենց ձկների մասին, կերակրել եւ հետեւել նրանց աշխատավայրից կամ այլ վայրից։ Ձկնապահները այսուհետ կարող են նաեւ չանհանգստանալ ակվարիումի վիճակի մասին՝ ջրի մաքրություն, բույսերի աճ եւ այլն»,- նշել է նա:

Առանձնահատկությունների մասին

Bluenero-ն նախատեսված է ինչպես ծովային, այնպես էլ քաղցրահամ ջրերի ձկների պահպանման համար:

Վահե Թումանյանի խոսքով, ակվարիումի կառավարման համար ստեղծված հավելվածը հեշտացնում է ձկներին ժամանակին կերակրելու գործընթացը, հնարավորություն է տալիս վերալիցքավորել կերը շաբաթը մեկ անգամ, իսկ ամբողջական սպեկտրով օժտված CREE LED շերտը ստեղծում է ակվարիումում առկա տարատեսակ բույսերի եւ մարջանների աճի համար հարմար պայմաններ։

Ներկառուցված HD տեսախցիկի միջոցով էլ սարքի տերը ստանում է իր ձկներին հետեւելու հնարավորություն՝ անգամ նրանցից շատ հեռու գտնվելու դեպքում:

Տեխնոլոգիայի մասին

Bluenero ակվարիումը պատրաստված է չժանգոտվող պողպատից եւ բարձրորակ ակրիլից: Այն նվազեցնում է աղմուկը հատուկ պրեմիում ֆիլտրի օգնությամբ։

Գնի եւ տեսակների մասին

Bluenero խելացի ակվարիումը հասանելի է մի քանի չափով՝ $199 (8 գալլոն), $399 (16 գալլոն), $599 (26 գալլոն), $749 (36 գալլոն):

Ստարտափն առաջարկում է նաեւ ֆիլտրի մասեր, ջրի աղային հաշվեկշռի սենսոր, Bluenero բրենդավորված խնամքի պարագաներ եւ այլն:

Նախատեսվում է, որ առաջին պատվերները հասցեատերերին կուղարկվեն 2019թ. սեպտեմբերին:

Նարինե Դանեղյան