18:02 | 06.09.18 | Նորություններ | 12172

National Instruments-ի հայաստանյան գրասենյակն այսուհետ կգործի «Ինժեներական քաղաք»-ում

National Instruments կորպորացիայի հայաստանյան գրասենյակը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես կենտրոնից տեղափոխվել է Ջրվեժ թաղամասում տեղակայված «Ինժեներական քաղաք»:

Նախօրեին կայացած գրասենյակի բացման արարողությանը ներկա է գտնվել նաեւ National Instruments-ի (NI) տարածաշրջանային գծով փոխնախագահ Ռոբերտ Մորտոնը։

Հյուրերը շրջել են շենքում, ծանոթացել գրասենյակային պայմաններին։ NI Հայաստանի գործադիր տնօրեն Արսեն Առուստամյանը ներկայացրել է այն խոշոր նախագծերը, որոնք իրականացվել են հայաստանյան թիմի 10-ից ավելի տարիների գործունեության ընթացքում, նշելով, որ իրենց մասնագետները զբաղվում են ինժեներական համալիր լուծումների նախատիպերի մշակմամբ եւ նորարարական մեթոդների հետազոտությամբ։

Ընկերության ընթացիկ խոշոր նախագծերից են 5G կապի համակարգերի նախատիպերի մշակումը, ինքնավար մեքենաների տարբեր ֆունկցիաների թեստավորումը, IIoT (Արդյունաբերական ինտերնետ իրերի) կիրառումը եւ այս ուղղությունների համար նախատեսված միկրոսխեմաների թեստավորումը։


Ամփոփելով վերջին 10 տարիները, Արսեն Առուստամյանը ընդգծել է, որ սկսելով ընդամենը 3 ինժեների հետ, այսօր ընկերությունն ունի 65 աշխատակից։ Նա վստահություն է հայտնել, որ տեղափոխությունը հնարավորություն կտա բարձրացնելու իրենց գործունեության արդյունավետությունն, ինչին կնպաստեն նոր շենքում ստեղծված լաբորատորիաներն ու առկա սարքավորումները։


ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի խոսքով էլ, պետք է ստեղծվեն նախապայմաններ, որպեսզի միջազգային ընկերությունների ներկայացուցչությունները Հայաստանում ավելանան:

«Ունենք 3 ուղղություն, որոնք առաջ են տանում բարձր տեխնոլոգիական ինդուստրիան՝ կրթություն եւ գիտություն, միջազգային ընկերություններ, որոնք իրենց փորձն ու կառավարման մշակույթն են բերում Հայաստան եւ երրորդը`մեր տեղական ընկերությունները։ Ինժեներական ոլորտում NI ընկերության ներկայությունը անգնահատելի է: National Instruments-ը ինժեներական պլատֆորմ է ստեղծում, եւ դրա շուրջ հավաքվում են այն ընկերությունները, որոնք ռեալիզացնում են իրենց գիտելիքները` օգտագործելով այդ պլատֆորմը»,-  նշել է նա:
 
National Instruments Corporation-ը հիմնադրվել է ԱՄՆ Տեխաս նահանգում, գլխամասային գրասենյակը Օսթին քաղաքում է։ Այն համաշխարհային առաջատարներից է չափիչ սարքերի, ավտոմատացված թեստավորման ու կառավարման համակարգերի նախագծման եւ արտադրության ոլորտում։ Հայաստանյան մասնաճյուղը գործունեությունը սկսել է 2007թ. եւ դարձել մայր ընկերության «Համակարգային ճարտարագիտության կենտրոն»:

Հիշեցնենք, որ ընկերության մասնակցությամբ են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սկսել գործել Հայկական ազգային ինժեներական լաբորատորիաները (ANEL)։