10:42 | 28.08.18 | Նորություններ | 6194

Seedstars-ը փնտրում է հայաստանյան լավագույն ստարտափին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանն արդեն 5-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Seedstars միջազգային մրցույթի տեղական փուլը, որին կարող են մասնակցել ցանկացած ոլորտում նորարարական լուծում ներկայացնող թիմերը։

Ամեն տարի միջոցառումն Հայաստանում իրականացվում է ոլորտի զարգացմանը նպաստող ընկերությունների հետ համատեղ, եւ այս տարի «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության հետ միասին այն տեղի կունենա սեպտեմբերի 29-ին։

Մրցույթը փնտրում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին նպաստող լուծումներ եւ փորձում է կապ հաստատել ներդրողների եւ այդ լուծումները մշակող ստարտափերի միջեւ՝ գրավելով Սիլիկոնյան հովտում եւ Արեւմտյան Եվրոպայում գործող խոշոր ներդրողների ուշադրությունը։

Մրցույթին կարող են մասնացել այն ստարտափերը, որոնք գտնվում են զարգացման նախնական փուլում, այսինքն՝ գործում են երկու տարուց քիչ, սակայն ունեն նվազագույն կենսունակ պրոդուկտ (MVP) եւ արդեն որոշակի քանակի օգտատերեր։

««ՍոֆթԿոնստրակտ»-ը մշտապես փորձում է աջակցել ՏՏ ոլորտում հետաքրքիր գաղափարներ ունեցող երիտասարդներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել իրենց նորարարական գաղափարները: Մենք գնահատում ենք մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունները եւ ուրախ ենք մեր ներդրումն ունենալ այդ գործում: Հուսով ենք, որ մեր երիտասարդների ստեղծած ստարտափերը մեծ ճանաչում եւ կիրառություն կստանան ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտասահմանում»,- ասել է «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գործառնական տնօրեն Սերգեյ Հարությունյանը:

Նախնական ընտրությունն անցած Հայաստանյան լավագույն 10 ստարտափերը կմասնակցեն Seedstars-Երեւան ստարտափերի տեղական փուլին, որը տեղի կունենա 2018թ. սեպտեմբերի 19-ին: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր պրոդուկտը Շվեցիարիայում կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին, որի հաղթողը կստանա մինչեւ 1 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում:

«Seedstars Երեւան» ստարտափերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ այստեղ՝ մուտքագրելով ssw-yerevan-18-afamb կոդը։

Դիմում-հայտը պետք է ուղարկել մինչեւ սեպտեմբերի 21-ը: