14:45 | 15.08.18 | Նորություններ | 5940

Փոստային լրտեսությունից պաշտպանվելու խորհուրդներ «Կասպերսկի»-ից

 

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները պարզել են, որ էլեկտրոնային փոստը սպամ եւ գովազդ տարածողներին ընձեռում է օգտատերերին հետեւելու հնարավորություն:

Հետազոտության համաձայն, էլեկտրոնային փոստի միջոցով սպամ եւ գովազդ տարածողները կարող են տեղեկանալ, թե որ գովազդային նամակներն են հետաքրքրում օգտատիրոջը, եւ որոնք է նա ուղարկում աղբարկղ՝ առանց կարդալու։

«Եթե էլեկտրոնային փոստի գոյության սկզբում ուղարկվում էին պարզ տեքստեր, ապա այժմ առկա է տարբեր տառատեսակների, ոճերի եւ ներդրված պատկերների կիրառումով գունեղ նամակների ստեղծման հնարավորություն։ Ներկայում էլեկտրոնային նամակներն իրենց հնարավորություններով մոտ են սովորական համացանցային կայքերին, եւ դա ուղարկողներին տալիս է հնարավորություն դրանց մեջ ներկառուցել այնպիսի տարրեր, որոնք թույլ են տալիս հետեւել, թե ինչ է անում օգտատերն իր փոստարկղում»,- զգուշացրել են «Կասպերսկի»-ում:

Փրինսթոնի համալսարանի հետազոտողները վերլուծել են մոտ հազար գովազդային առաքումներ, որպեսզի իմանան, թե դրանք հասցեատերերին հետեւելու ինչ հնարավորություններ են պարունակում։ Ինչպես պարզվել է, նրանց ստացած նամակների 70%-ը պարունակել է գովազդային տրեկերներ. դրանք անտեսանելի նկարների նման ավտոմատ ներբեռնվող տարրեր են, որոնք ուղարկողին ոչ միայն տեղեկացնում են, թե երբ եւ քանի անգամ է օգտատերը բացել նամակը, այլեւ հարցման տողում հաղորդում են անձնական տվյալներ, օրինակ, e-mail-ը։ Բացի այդ, հարցումը տրեկինգային դոմենին տեղեկացնում է օգտատիրոջ IP-հասցեի մասին, որով կարելի է մոտավորապես որոշել նրա տեղադիրքը։

«Կասպերսկի»-ում նշում են, որ մի կողմից՝ նման տեխնոլոգիաներն առաքումներ ստեղծողներին թույլ են տալիս դրանք ավելի արդյունավետ դարձնել, օրինակ, այսպես կոչված A/B-թեստերի օգնությամբ որոշել, թե ինչ թեմայով (ասենք՝ էմոջիներով կամ առանց դրանց) նամակների վրա են մարդիկ սեղմում։

«Մյուս կողմից՝ գովազդային տրեկերները կարող են բրաուզերում պահպանել cookie-ֆայլերը, որպեսզի հետագայում օգտատիրոջը «ճանաչեն» նույնիսկ առաքման թեմայի հետ չկապված այլ կայքերում։ Տրեկերի տերը հանդիսացող գովազդային ցանցը այդպես ստանում է օգտատիրոջ հետաքրքրությունների մասին ավելի շատ տեղեկատվություն, որը կարող է հետագայում վաճառել գովազդատուներին։ Օրինակ՝ եթե օգտատերը բացել է մարզակոշիկների զեղչերի մասին նամակը, ապա շուտով դրանց մասին գովազդը նրան կարող է հետապնդել ամբողջ համացանցով»,- նշել են ընկերությունում:

Կիբերանվտանգության փորձագետ, Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը տրամադրել է խորհուրդներ, որոնք օգտատերերին կօգնեն պաշտպանվել էլեկտրոնային փոստարկղի լրտեսումից.

- Փոստային ծրագրում անջատել պատկերների ավտոմատ ներբեռնումը եւ ներբեռնել միայն վստահելի հասցեներից եկած պատկերները։

- Եթե առանց նկարների նամակները ձանձրալի են թվում, օգտագործել լրտեսումն արգելափակող միջոց, օրինակ, Kaspersky Internet Security-ի «Պաշտպանություն տվյալների հավաքումից» գործառույթը։

- Օգտագործել VPN, օրինակ, Kaspersky Secure Connection, որը կօգնի գովազդատուներից թաքցնել օգտատիրոջ իրական IP-ն։