16:30 | 25.07.18 | Նորություններ | 4117
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները օգոստոսի 16-18-ը Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք First Global ռոբոտների միջազգային մրցույթում:
First Global-ը ռոբոտների միջազգային մարտահրավեր է, որին մասնակցում է 14-18 տարեկան պատանի շուրջ 160 երկրից: Մրցույթի նպատակն է միավորել պատանիներին, ոգեշնչել նրանց տեխնոլոգիաների եւ նորարարության հնարավորություններով, ստեղծել համագործակցության հարթակներ գլոբալ խնդիրների ու կյանքի որակի բարձրացմանն ուղղված լուծումներ ստեղծելու համար:
Այս տարի մրցույթի առանցքում են վերականգնվող էներգիայի վերաբերյալ առաջադրանքները: Մրցութային դաշտում կլինեն հողմային եւ ջերմային կայաններ, արեւային պանելային բջիջների մակետներ։
Հայաստանյան թիմի անդամների կառավարմամբ ռոբոտը պետք է պտտի հողմային կայանը, արեւային պանելը մի կետից փոխանցի մյուս կետին, որտեղ թիմի անդամները պետք է վերցնեն եւ կախեն միացման օղակներում, ինչի արդյունքում էկրանի վրա կցուցադրվի պայմանական էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Առկա կլինի նաեւ պայմանական ածուխ, որը պետք է տեղադրել ջերմային կայանների մակետային հատվածում։
Հայաստանյան թիմում ընդգրկված են Վահագն Զարգարյանը (Արծվաբերդ), Լիլիթ Խաչիկյանը (Սիսիան), Նոնա Թելունցը (Գորիս) եւ թիմի ղեկավար ու մասնակից Արմեն Յենոքյանը (Սիսիան, «Արմաթի» խմբավար):
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, «Արմաթի» սաները ռոբոտաշինության գերազանց գիտելիքներ են կուտակել եւ ռոբոտների միջազգային օլիմպիադայում կարող են Հայաստանը պատվով ներկայացնել ու հաղթանակ բերել:
«Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մշտապես եղել է եւ կլինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդնումը, այդտեղ սովորող երեխաների մոտ ինժեներական մտածելակերպի զարգացումը, նրանց համար ստեղծվող հնարավորությունների ընդլայնումը, միջազգային ասպարեզ դուրս բերելը։ Արմաթցիների մասնակցությունը First Global միջազգային մրցույթին կարեւոր է միջազգային փորձ, կապեր ու մրցունակություն ձեռք բերելու համար: Իսկ Ucom-ին սա ավելի է մոտեցնում մեր ռազմավարական նպատակին՝ ունենալ կրթված ու պահանջված ինժեներների սերունդ»,- նշել է «Ucom» ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հայկ Եսայանը:
«Մշտապես հանդես գալով նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ՝ Ամերիաբանկը կարեւորում է տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ սերունդների կրթման ու զարգացման գործընթացը եւ սիրով միացել է այս նախագծին: Մասնակցությունը միջազգային մրցույթին հիանալի հնարավորություն է նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու համար»,- ընդգծել է «Ամերիաբանկի» ՏՏ եւ ավտոմատացման ստորաբաժանման ղեկավար Շավարշ Ոսկանյանը:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը