12:01 | 25.07.18 | Նորություններ | 3482

Uber-ի ինքնավար ավտոմեքենաները վերադարձել են փողոց

Uber-ի ինքնավար կառավարվող ավտոմեքենաներն այս շաբաթ վերադարձել են ամերիկյան Փիթսբուրգ քաղաքի փողոցներ՝ 4 ամիս տեւած դադարից հետո:

The Verge-ի փոխանցմամբ, այս անգամ ավտոմեքենաներն աշխատելու են ոչ թե ինքնավար ռեժիմով, այլ կառավարվելու են մարդ-վարորդների կողմից:

Եթե մինչեւ ճակատագրական վթարը Uber-ի 1 մեքենայում գտնվում էր անվտանգության մեկ վարորդ, ապա այսուհետ կլինեն երկուսը:

Նշվում է, որ Uber-ը թեստավորման գործընթացի վերսկսման մասին տեղյակ է պահել Փիթսբուրգի քաղաքապետին՝ ստանալով նրա համաձայնությունը:

Հիշեցնենք, որ 4-ամսյա դադարը պայմանավորված էր այս տարվա մարտին տեղի ունեցած ճակատագրական վթարով, որի ժամանակ Uber-ի ինքնավար ավտոմեքենան Արիզոնայում մահվան ելքով վրաերթի էր ենթարկել 49-ամյա կին հետիոտնին: Վթարի արդյունքում Uber-ը դադարեցրել էր ինքնավար ավտոմեքենաների թեստավորումը:

Արիզոնայի վրաերթի հետաքննությունը դեռ շարունակվում է, իսկ վերջնական զեկույցը կհրապարակվի հաջորդ տարի: