12:09 | 24.07.15 | Հոդվածներ | exclusive 6870

Chally. Վիրտուալ մարտահրավերներ

Հայկական Chally (անգլ. Challenge - «մարտահրավեր» բառից) մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս ուղարկել եւ ստանալ վիրտուալ մարտահրավերներ, որոնք կարող են վերաբերել ամենատարբեր ոլորտների:

Հավելվածի iOS տարբերակը կգործարկվի օգոստոսին:

Itel.am-ը զրուցել է Chally-ի համահիմնադիրներ Նանա Մարդոյանի եւ Էդուարդ Քանքանյանի հետ: Վերջինս նաեւ դիզայնի հեղինակն է: Հավելվածի iOS ծրագրավորողը Վարդան Աբրահամյանն է:

Էդուարդ Քանքանյանի խոսքով՝ Chally-ն առօրյան հետարքրքիր դարձնելու տարբերակ է:

Chally-ով մարտահրավեր ուղարկելու համար հարկավոր է ներբեռնել հավելվածը, գրել տեքստ, դրան ավելացնել ֆոտո կամ վիդեո հաղորդագրություն, ինչպես նաեւ այն տեղանքը, որտեղ պետք է իրականացվի մարտահրավերը, ընտրել համապատասխան սթիքեր, մարտահրավերն ուղարկել ընկերոջը եւ սպասել պատասխանի: Chally-ի հիմնադիրների խոսքով՝ չնայած նրան, որ մարտահրավերները նետվելու են վիրտուալ հարթակում, այնուամենայնիվ, դրանց իրագործումը հիմնականում իրական կյանքին է վերաբերելու:

«Շատ հաճախ այնքան ենք տարվում աշխատանքով, որ խենթությունների համար ժամանակ չի մնում: Chally-ի միջոցով փորձելու ենք հեշտացնել եւ հետաքրքրացնել առօրյան, դրական լիցքեր հաղորդել»,- պատմում է Էդուարդ Քանքանյանը:

Հավելվածի ստեղծման գաղափարը ծագել է շուրջ կես տարի առաջ:

«Իհարկե, կան ծառայություններ, որոնց օգնությամբ կարելի է գտնել, թե տվյալ քաղաքում, օրինակ, ինչ վայրեր այցելել, սակայն դրանք հաճախ չեն արտահայտում իրական հետաքրքրությունը: Երբ առկա review-ների հիման վրա գնում ես որեւէ վայր, դա որոշ դեպքերում չի համապատասխանում քո պատկերացումներին: Այնպես որ, հավելվածի միջոցով ուղարկվող մարտահրավերների միջոցով կձեւավորվի տվյալ վայրի հետաքրքրության աստիճանը»,- պատմում է Էդուարդ Քանքանյանը:

Նրա խոսքով՝ օգտատերերը բաժանվելու են երկու խմբի: Առաջինը՝ սովորական մարդիկ են, որոնք հավելվածն օգտագործելու են ընկերական շփման համար, իսկ երկրորդ խումբը բիզնես ընկերություններն են: 

«Սա հատկապես սկսնակ բիզնեսների համար լավ տարբերակ է: Օրինակ՝ փոքր փաբերը, որոնք գովազդ անելու համար բյուջե չունեն, այս տարբերակով կարող են ուղիղ կապ հաստատել իրենց թիրախային լսարանի հետ, ուղարկել մարտահրավեր՝ օրինակ խմելով տվյալ վայրում 2 շիշ գարեջուր, երրորդը կստանաք անվճար»,- նշում է Էդուարդ ՔանՔանյանը:

Նա հավելում է, որ այս ճանապարհով կարելի է նաեւ հետեւել հայտնի մարդկանց:

«Օրինակ, եթե Քիմ Քարդաշյանը գրանցված լիներ Chally-ում, Հայաստանի տեսարժան վայրեր այցելելիս կարող էր մարտահրավերներ նետել իր հետեւորդներին՝ այդ վայրեր այցելելու առաջարկով»,- նշում է նա:

Հավելվածի հիմնադիրները մշտապես հետեւում են շուկայի միտումներին:

«Ներկայիս միտումն այն է, որ գնալով ավելի մեծ թափ է հավաքում հասարակության կողմից իրականացվող գովազդային կոնտենտը: Զգացվում է, որ նմանատիպ հավելվածները մեծ հնարավորություններ են ընձեռելու ինչպես հայտնի բրենդներին՝ հաճախորդների հետ զրուցելու, այնպես էլ սովորական օգտատերերին՝ հասարակության մեջ ինչ-որ բան փոխելու համար»,- նշում է Նանա Մարդոյանը:

Նրա խոսքով՝ չնայած պրոդուկտը նախատեսված է գլոբալ շուկայի համար, սակայն իրենք սկսում են Հայաստանից՝ ցանկանալով դառնալ Made in Armenia հաջողակ ստարտափի օրինակ:

Սովորական օգտատերը Chally-ից օգտվելու է անվճար: Ինչ վերաբերում է գովազդին, ապա Նանա Մարդոյանի խոսքով, այն լինելու է թիրախային՝ նպատակաուղղված այն օգտատերերին, որոնց տվյալ պրոդուկտը կարող է հետաքրքրել:

Chally-ն ունենալու է նաեւ հատուկ իր համար մշակված գործառույթներ, որոնց մասին կհայտարարվի առաջիկայում: 

Հիշեցնենք, որ Chally-ն Paqqy եւ Renderforest ստարտափների հետ միասին հաղթող էր ճանաչվել հուլիսի 11-ից 12-ը Երեւանում առաջին անգամ կայացած Slush 2015 Global Impact Accelerator մրցույթում: Մրցույթի կազմակերպիչը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն էր (ՁԻՀ)՝ IBM Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակում:

Նարինե Դանեղյան