Արմեն Խաչատրյանը
11:24 | 10.06.15 | Հոդվածներ | exclusive 20980
Հայ ծրագրավորողները մշակել են Dram Today հավելվածը, որի միջոցով օգտատերը կարող է ստանալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող` դրամի ճշգրիտ փոխարժեքը, ինչպես նաեւ կատարել փոխարժեքի փոխարկման հաշվարկ:
Հավելվածը, որը հասանելի է Google Play-ում, նաեւ հնարավորություն է տալիս պարբերաբար հետեւել դրամի փոխարժեքի տատանումներին՝ գրաֆիկների տեսքով:
Թիմի համահիմնադիրներն են Արմեն Խաչատրյանը, Արտակ Դռնոյանը եւ Վարազդատ Ավետիսյանը:
Արմեն Խաչատրյանը Itel.am-ին պատմում է, որ թիմն ընթացքում ընդլայնվել է եւ այժմ բաղկացած է 14 հոգուց:
«Այս ընթացքում հաջողվել է ստեղծել առողջ եւ դրական ստեղծագործական միջավայր, որում թիմի անդամները ե՛ւ սովորում են, ե՛ւ ստեղծագործում: Ներկայում աշխատում ենք ստարտափի ոգով, եւ հիմնական ներդրողները թիմի անդամներն են՝ իրենց ժամանակով եւ էներգիայով: Մեծ աջակցություն ենք ստացել Գավառի համայնքի կողմից, որտեղ աշխատում է թիմի հիմնական մասը»,- նշում է նա:
Արմեն Խաչատրյանը չի բացառում, որ Dram Today-ը հետագայում, Android-ից բացի, ներկայացված լինի այլ հարթակներում եւս:
«Հավելվածը ստեղծելիս փորձել ենք խուսափել ավելորդ ֆունկցիոնալությունից, ինչը կարող է օգտատիրոջը ծանրաբեռնել: Ֆեյսբուքյան էջում արդեն բազմաթիվ մեկնաբանություններ եւ առաջարկներ ենք ստացել, որոնք անպայման հաշվի կառնվեն թարմացված տարբերակի գործարկման ընթացքում»,- նշում է նա:
Dram Today-ի համահիմնադիրն ասում է, որ թիմը բաց է ներդրումների համար եւ պատրաստ է քննարկել փոխշահավետ առաջարկները:
Նշենք, որ հավելվածների հայկական շուկայում արդեն գործում են համանման մի քանի հավելվածներ: Դրանցից կարելի է առանձնացնել Rate.am-ը (Google Play, AppStore) եւ Currency.am-ը (Google Play, AppStore):
Նարինե Դանեղյան