14:59 | 02.06.15 | Հոդվածներ | exclusive 15019

Eye Care Plus. Հեռատես հավելված՝ վատատեսների համար

Տեսողության թեստավորման եւ վերականգնման համար նախատեսված Eye Care Plus հայկական հավելվածն օրեր առաջ հաղթեց «Seedstars Երեւան» ստարտափների մրցույթում:

Այն 2016թ. փետրվարին կմասնակցի Շվեցիարիայում կայանալիք Seedstars World մրցույթին, որի հաղթողը կստանա մինչեւ $500 հազ. ֆինանսավորում:

Itel.am-ը բացառիկ զրույց է ունեցել Eye Care Plus-ի ներկայացուցչի հետ: 

Eye Care Plus-ը հասանելի է Google Play-ում եւ ունի ավելի քան 200 հազ. ներբեռնում:

Ստարտափի համահիմնադիրներն են Արամ Մխիթարյանը եւ Պավել Սնխչյանը: 10-հոգանոց թիմին աջակցում է PicsArt-ի համահիմնադիր, գործարար Հովհաննես Ավոյանը:

Eye Care Plus-ի մարքեթինգի մասնագետ Արմինե Հակոբյանը Itel.am-ին պատմել է, որ շուրջ մեկուկես տարի առաջ նոր ստարտափ ստեղծելու գաղափարներ էին քննարկում: Այդ ժամանակ էլ հասկացել են, որ տեսողական խնդիրներն արդիական են, եւ ստարտափը պետք է այդ ուղղվածությունն ունենա:

Հավելվածը ներբեռնող երկրների թոփ եռյակում են Ռուսաստանը, Չինաստանը եւ եվրոպական երկրները:



«Հաշվի ենք առել նաեւ այն, որ համակարգչային տեխնոլոգիաների կիրառումը գնալով մեծանում է: Գրեթե բոլորը օրական մի քանի ժամ կա՛մ համակարգչի դիմաց են, կա՛մ էլ օգտագործում են սմարթֆոններ կամ այլ մոբայլ սարքեր: Սա չի կարող չանդրադառնալ տեսողության վրա: Դրա հետեւանքով, տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը գնալով ավելանում է: Մեր ստեղծած հավելվածն առաջին հերթին օգնում է հասկանալ, թե տեսողական ինչ խնդիրներ ունի մարդը, որից հետո վերականգնողական ինտենսիվ վարժությունների օգնությամբ տեսողությունը բարելավվում է»,- պատմել է Արմինե Հակոբյանը:

Հավելվածը մշակող թիմը ներկայում փորձում է հավելվածը տարածել հատկապես զարգացող երկրներում, քանի որ զարգացած երկրներում տեսողական խնդիրներ ունենալու դեպքում անմիջապես բժշկի են դիմում:

Eye Care Plus-ը մշտապես կապի մեջ է մասնագիտացած բժիշկների հետ, եւ օգտատերերը կարող են բժիշկներին հարցեր ուղղել:

«Մեզ հետ աշխատում են բժիշկներ Հայաստանից եւ արտասահմանից: Նաեւ տեսողության վերաբերյալ բլոգ ունենք, որտեղ ամեն օր համապատասխան նյութեր ենք տեղադրում: Յուրաքանչյուր օգտատեր ունի անհատական մարզման գրաֆիկ, որով տեսնում է իր կատարած վարժությունները, տեսողության ներկա վիճակը եւ այլն: Դա մարդկանց մոտ ամեն օր աչքը մարզելու սովորույթ է ստեղծում: Փորձը ցույց է տալիս, որ մեկ ամիս շարունակ ամեն օր վարժություններ անելուց հետո տեսողությունը բարելավվում է»,- նշել է Արմինե Հակոբյանը: 

Եթե թեստը, այնուամենայնիվ, ցույց է տալիս, որ հիվանդությունն օնլայն թրեյնինգներով բուժելու ենթակա չէ, ապա հավելվածը, ըստ հիվանդության բարդության եւ տվյալ մարդու գտնվելու վայրի, առաջարկում է այցելել մոտակայքում գտնվող ակնաբուժական կենտրոն:

Eye Care Plus-ում նշում են, որ ֆինանսավորում գտնելուն պես կսկսեն մշակել հավելվածի՝ iOS-ի եւ Window Phone-ի համար նախատեսված տարբերակները, ինչը թույլ կտա ներգրավել ավելի շատ օգտատերերի:  

Նարինե Դանեղյան