Իգոր Օվչարենկոն
07:10 | 23.06.16 | Հարցազրույցներ | exclusive 25633
Հունիսի 25-ին 12 ստարտափ Երեւանում կմասնակցի Seedstars Երեւան ստարտափների մրցույթի տեղական փուլին, որը կանցկացվի Հայաստանի Ամերիկյան Համալսարանում:
Հայաստանյան հաղթողը 64 այլ երկրների հաղթողների հետ կմասնակցի տարածաշրջանային, եւ ապա եզրափակիչ փուլին՝ Շվեյցարիայում, որի հաղթողը կստանա $500 հազ. ներդրում Seedstars-ից:
Մրցույթի կազմակերպիչներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը՝ Seedstars World-ի հետ համատեղ:
Itel.am-ը մրցույթի նախաշեմին զրուցել է Seedstars-ի Կենտրոնական/Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի/ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային համակարգող Իգոր Օվչարենկոյի հետ:
-Այս տարի եզրափակչին մասնակցելու համար ընտրվել է 12 ստարտափ: Ի՞նչ ուղղություններ են դրանք ներկայացնում:
- Հայաստանում զարգացող ստարտափների մակարդակը բավական բարձր է, եւ անկեղծ ասած, դա ինձ համար մեծ անակնկալ էր: Ընդհանուր առմամբ, ստացվել է 66 հայտ, որից ամբողջական՝ 45-ը: Շատ էին հատկապես մոբայլ հավելվածները, hardware ներկայացնում էր միայն մեկ ստարտափ: Այդ ուղղությամբ Արեւելյան Եվրոպան շատ հայտնի է, եւ զարմանալի էր, որ Հայաստանում hardware-ի հանդեպ մեծ չէ հետաքրքրությունը մրցույթի շրջանակում: Կան մի շարք SaaS պլատֆորմներ, մի մասը՝ B2B, B2C:
-Ի՞նչ գիտեիք Հայաստանի էկոհամակարգի մասին՝ մինչեւ այստեղ գալը:
-Առաջինը, որ հայկական ստարտափները միշտ «շրջանակից դուրս են նայում» եւ չեն դիտարկում Հայաստանը որպես իրենց հիմնական շուկա: Նրանք մասնավորապես հետաքրքրվում են ամերիկյան, եվրոպական կամ այլ շուկաներով եւ փորձում այնտեղ զարգացնել իրենց բիզնեսը: Սա շատ լավ է, քանի որ ամենասկզբից եք մեծ բանի մասին մտածում:
Երկրորդ բանը, որ գիտեի՝ Սփյուռքի դերը վիթխարի է: Իմացա, որ, օրինակ, «Թումո» կենտրոնի նախաձեռնությունը սփյուռքահայերի է:
Առաջին անգամ եմ այստեղ եւ հույս ունեմ մինչեւ այցիս ավարտն ավելի շատ տեղեկատվություն հավաքել եւ բազմաթիվ մարդկանց հետ հանդիպել:
-Ըստ Ձեզ՝ որո՞նք են այն հիմնական ձախողումները, որոնք ստարտափներն անում են Seedstars մրցույթների ամենապատասխանատու մասում՝ pitching-ի ընթացքում:
-Սովորաբար պատճառը շատ տեխնիկական պրեզենտացիաներն են: Հաճախ պարզ չի լինում, թե ինչ են նրանք ուզում, որն է նրանց բիզնես մոդելը, ինչպես են դրանից փող աշխատելու: Ունեն հրաշալի պրոդուկտ, սակայն չգիտեն՝ ինչպես այն վաճառել, ինչպես ուշադրություն գրավել: Ամենայն հավանականությամբ, նրանք շատ աշխատասեր եւ տաղանդավոր մարդիկ են, սակայն եթե գտնեն թիմի անդամ, համահիմնադիր, որը կզբաղվի բիզնեսի հարցերով, ապա դա հաջողության հասնելու ճիշտ միքս կլինի:
Նման սխալներից խուսափելու համար մրցույթի նախօրեին Երեւանում մենք կանցկացնենք pitching-ի դասընթաց, որպեսզի օգնենք խուսափել այդ սխալներից մրցույթի ընթացքում:
- Ի՞նչ անակնկալներ են սպասվում ազգային հաղթողներին:
-Սկզբում՝ դեկտեմբերի առաջին շաբաթում, կլինի տարածաշրջանային ֆորում, որի անցկացման վայրը պարզ կդառնա ավելի ուշ: Դա կնշանավորվի նաեւ մեր աքսելերացիոն ծրագրի մեկնարկով: Այն իրականացնում ենք առաջին անգամ: Կտեւի 3 ամիս՝ հունվարից մինչեւ մարտի վերջ: Այն կլինի օնլայն եւ կենտրոնացած ստարտափների աճի վրա: Դրան կհաջորդի Demo Day-ը՝ Շվեյցարիայում: Մենք կփոխհատուցեք մասնակից ստարտափների բոլոր ծախսերը, բացառությամբ՝ վիզայի վճարի: Այդ ժամանակահատվածում էլ կկայանա եզրափակիչը:
Հաղթողները կստանան նաեւ հնարավորություն հաղորդակցվելու մրցույթի եզրափակչին ներկա ԶԼՄ-ների, ներդրողների, խորհրդատուների հետ, ինչպես նաեւ մեր գործընկերների օնլայն ծառայություններից օգտվելու մեծ հնարավորություններ կլինեն:
Շվեյցարիայում կայանալիք եզրափակչի հաղթողը կստանա $500 հազ. ներդրում: Հատուկ մրցանակ կստանա այն ստարտափը, որը կներկայացնի լավագույն լուծում՝ գյուղական բնակավայրերում կրթությունը բարելավելու համար: Կլինեն նաեւ այլ մրցանակներ, որոնց մասին կհայտարարենք ավելի ուշ:
Իգոր Օվչարենկոյի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը