09:13 | 28.06.18 | Նորություններ | 5118

Կոդավորման անվճար ակումբներ՝ հայաստանցի երեխաների համար

Girls in Tech հայաստանյան մասնաճյուղը` CoderDojo հիմնադրամի հետ համագործակցությամբ, նախաձեռնել է ծրագիր, որը նպատակ ունի կոդավորումը հասանելի ու սովորական հմտություն դարձնելն է հայաստանցի երեխաների համար:

CoderDojo ակումբներում կոդավորում (coding) սովորելու հնարավորություն ունեն 7-17 տարեկան երեխաները, դասընթացներն անվճար են, անցկացվում են մենթորների կողմից:

Նախաձեռնությունը իրագործելու եւ առնվազն կես տարի կայուն գործունեություն ապահովելու համար այս օրերին մեկնարկել է դրամահավաք, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է Հայաստանի 6 քաղաքներում՝ Երեւանում, Մասիսում, Չարենցավանում, Արթիկում, Մարտունիում եւ Վայքում, CoderDojo կոդավորման անվճար ակումբեր հիմնելուն:

Նախաձեռնության անդամները որպես հիմնական տարիքային խումբ առանձնացրել են 7-14 տարեկաններին, որոնք ծրագրավորման գիտելիքներ ստանալու առավել քիչ հնարավորություններ ունեն:

«Մենք վստահ ենք, որ մեր օրերում ընդամենը մի քանի տարի հետո կոդավորման հմտությունը անգլերեն իմանալու նման անհրաժեշտություն է դառնալու, այդ պատճառով նախընտրում ենք օր առաջ նմանատիպ հնարավորություն տալ առանց այդ էլ բավական տաղանդավոր հայ երեխաներին»,- նշել է Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը:

2013թ. մեկնարկած CoderDojo շարժումն այսօր ավելի քան 1600 ակումբների ցանց ունի ամբողջ աշխարհում:

Հայկական CoderDojo ակումբներում աղջիկների ներգրավումը հատկապես խրախուսվում է՝ նախատեսելով առնվազն 50% մասնակցություն: Այս օրերին ծրագիրը փորձարկվում է «ՏաՏա» Ամառային դպրոցում:

Ծրագիրն իրականություն կդառնա դրամահավաքի հաջող ավարտից հետո, որի վերջնաժամկետը հուլիսի 30-ն է: Առցանց հարթակում նվիրատվություն կարող են կատարել բոլոր ցանկացողները՝ այս հղումով: