09:02 | 27.06.18 | Նորություններ | 6487
Հունիսի 26-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած զորակոչիկների հերթական մրցույթի առաջին փուլը:
Մրցույթին մասնակցել են ծրագրավորողներ, կիբեռանվտանգության եւ ցանցային ադմինիստրացիայի ոլորտով հետաքրքրվող զորակոչիկներ:
Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական հանձնաժողովն ընտրում է լավագույններին, ովքեր իրենց ժամկետային զինվորական ծառայությունը երկու տարի կհամադրեն մասնագիտական գործունեության հետ եւ հնարավորություն կստանան առավել արդյունավետ օգտագործել մասնագիտական կարողությունները՝ ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման եւ դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։
Մրցույթի առաջին փուլի մեկնարկին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: