12:17 | 25.06.18 | Նորություններ | 11865

Ամփոփվել է Beeline-ի հովանավորած «Երաժշտական զբոսանքներ» ծրագիրը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամփոփվել է Beeline-ի հովանավորությամբ 2017 թվականի ապրիլից իրականացվող «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագիրը:

Այն նախատեսված էր 8-11 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների եւ 12-16 տարեկան պատանիների համար:

««Երաժշտական զբոսանքներ» նախագծի նպատակն էր դասական երաժշտությունը հասանելի դարձնել հասարակության լայն շերտերի համար, վաղ տարիքից հետաքրքրություն եւ սեր ձեւավորել դասական երաժշտության հանդեպ, կառուցել ամուր եւ շարունակական հարաբերություններ ընտանիքների եւ պատանեկան լսարանի հետ: Շնորհակալ ենք Beeline-ին շարունակական համագործակցության եւ աջակցության համար»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը:

««Երաժշտական զբոսանքները Գաֆէսճեան կենտրոնում տեղի են ունենում արդեն տեւական ժամանակ, եւ կարծում եմ, շատ սիրվել են երեխաների կողմից։ Սա մի նոր եւ յուրահատուկ մոտեցում է երաժշտական կրթության ոլորտում, իսկ մենք միշտ կողմնակից ենք կրթական նոր մեթոդների ու լուծումների ներդրմանը։ Վստահ եմ, որ այս ծրագիրը մեծ եւ վառ հետք կթողնի իր մասնակիցների կրթության եւ կյանքի մեջ»,- ասել է Հայաստանում Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011-ից: