14:57 | 30.03.18 | Նորություններ | 6353

Ֆրանսիան €1,5 մլրդ կհատկացնի ԱԲ հետազոտություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մինչեւ 2022թ. իր երկիրը €1,5 մլրդ կներդնի արհեստական բանականության (ԱԲ) հետազոտություններում՝ նորարարությունների զարգացման ռազմավարության շրջանակում:

Գումարը կհատկացվի գիտական լաբորատորիաների ստեղծմանը, հետազոտական ծրագրերին եւ ստարտափներում ներդրումներին, որոնք աշխատում են ԱԲ լուծումներով:  

«Մենք պետք է Ֆրանսիայում եւ Եվրոպայում ԱԲ էկոհամակարգ ստեղծենք: Պետք է ունենանք բաց դատայի քաղաքականություն եւ դիտարկենք թեման քաղաքական եւ էթնիկ տեսանկյունից»,- նշել է նա:
 
Ֆրանսիայի կառավարությունը ծրագրում է ստեղծել ազգային հետազոտական ծրագիր, որում կընդգրկվեն ոլորտի լավագույն փորձագետները:  


Էմանուել Մակրոնը հավելել է, որ 2017թ. մի շարք կորպորացիաներ ԱԲ հետազոտությունների զարգացմանն ուղղված լուրջ քայլեր են իրականացրել Ֆրանսիայում: Samsung-ը, օրինակ, ԱԲ հետազոտություններով զբաղվող 100-հոգանոց անձնակազմ ունի երկրում, IBM-ը՝ շուրջ 400 ԱԲ մասնագետ, իսկ Google-ին պատկանող DeepMind-ը հենց Ֆրանսիայում է բացել տարածաշրջանում իր առաջին եվրոպական գրասենյակը: