15:18 | 27.03.18 | Նորություններ | 4921

STOPTOBER`Մեծ Բրիտանիան պայքարում է ծխելու դեմ

Հաշվի առնելով սիգարետների ու այլընտրանքների շուրջ վերջերս ծագած բուռն քննարկումները, փոքրիկ ուսումնասիրություն անցկացրինք՝ հասկանալու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկվում աշխարհի տարբեր երկրներում ծխախոտի ու ծխի դեմ պայքարում։

Մասնավորապես հետաքրքիր էր մի նախագիծ, որը պետական մակարդակով 2009 թվականից ի վեր իրականացվել ու մինչ օրս իրականացվում է Մեծ Բրիտանիայում՝ Հանրային առողջության գործակալության (Public Health England) կողմից։ Գաղտնիք չէ, որ Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգը համարվում է առաջատարներից մեկը աշխարհում։ Համարվելով հաջողված նախադեպ, բրիտանական փորձն ուսումնասիրվում է ու տեղայնացվում շատ երկրների կողմից։ Դե իսկ «Բրիտանական գիտնականները պարզել են․․․» արտահայտությունը վաղուց արդեն թեւավոր խոսք է դարձել։


Ավանդական ծխախոտի ու առաջարկվող այլընտրանքների համատեքստում բրիտանական փորձը հետաքրքիր է այնքանով, որ երկրում պետական մակարդակով օժանդակություն է ցուցաբերվում ավանդական ծխախոտի այլընտրանքի ցանկացած դրսեւորմանը՝ սկսած էլեկտրոնային սիգարետից մինչեւ սնուս ու նիկոտինային սպեղանի։


Ամեն տարի հոկտեմբեր ամսին Մեծ Բրիտանիայում անցկացվում է STOPtober (հոկտեմբեր՝ առանց սիգարետի) նախաձեռնությունը, որն ուղղված է ծխողներին տարատեսակ աջակցություն ապահովել սիգարետից հրաժարվելու գործընթացում։ Նախագծի շրջանակում ծխողներին առաջարկվում է մասնակցել մարտահրավերի եւ մեկ ամիս շարունակ զերծ մնալ  ծխելուց։ Մարտահրավերների մասնակիցներին տարատեսակ աջակցություն է ցուցաբերվում։ Ծրագիրն ամեն տարի հասարակական  մեծ արձագանք ու աջակցություն է ստանում՝ հարյուր հազարավոր ծխողներ միանում են վերջինիս։ Ձեզ ենք առաջարկում ծանոթանալ նախագծի պաշտոնական կայքում ներկայացված հիմնական առաջարկվող տարբերակներին՝

1․ Անցում Էլեկտրոնային սիգարետի


Առաջին ցուցումը, որ նախագծի փորձագիտական խումբը տալիս է ծխի դեմ պայքարում, ծխախոտի համեմատ էլեկտրոնային սիգարետին նախապատվություն տալն է։ «Էլեկտրոնային սիգարետը լավ միջոց է նիկոտինային քաղցը լրացնելու եւ սիգարետի ռիսկը նվազեցնելու առումով», - նշվում է կայքում։

Վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ էլեկտրոնային սիգարետը, ինչպես նաեւ թութունի տաքացման համակարգերը, որոնք առանց այրման հասցնում են նիկոտինը մարդու օրգանիզմ, զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր են արտազատում, ինչի արդյունքում սիգարետի համեմատ ավելի լավ այլընտրանք են։

2․ Նիկոտինի փոխարինման թերապիա


Նիկոտինի փոխարինման թերապիայի (Nicotine replacing therapy - NRT) հիմքում ընկած է այլընտրանքային՝ առանց թութունի, միջոցների օգտագործումը՝ մարդու օրգանիզմ նիկոտինի մատակարարումն ապահովելու համար։ Ներկայումս այս թերապիան ամենաշատն է ուսումնասիրված նիկոտինային կախվածությունից ծխողին դուրս բերելու ենթատեքստում՝ թերապիայի արդյունավետությունն ու անվտանգությունը փաստող մոտ հարյուր հիսուն ուսումնասիրություն կա։

Նիկոտինի փոխարինման թերապիայից  մինչեւ բժիշկի ցուցումով տրամադրվող դեղահաբեր՝ ամբողջական տեղեկատվությունը տրամադրվում է կայքում։ Հատկանշական է, որ կայքում կան ծխելն արդեն թարգած մասնակիցների հաջողված փորձի մասին հոլովակներ, իրական պատմություններ։

3. Թարգելը խթանող բջջային հավելված


Մարտահրավերին մասնակցել ցանկացողները կարող են ներբեռնել հատուկ բջջային հավելված, որը ամեն օր տեղեկատվական ու մոտիվացնող նյութեր է ուղարկում ու տարատեսակ աջակցություն է ցուցաբերում մասնակցին։ Հավելվածը հասանելի է նաեւ այլ ամիսներին՝ այն ժամանակ, երբ նախագիծը չի գործում։ Այն ունի վերլուծական բաղկացուցիչ՝ օգնում է օգտվողին հետեւել թարգելու ընթացքին, հաշվարկում է, թե որքան գումար է վերջինս խնայել ծխախոտից հրաժարվելու արդյունքում, ինչպես նաեւ շեղում է նրա ուշադրությունը, երբ նիկոտինային քաղցն առանձնահատուկ ուժեղ է դառնում։ Հավելվածն անվճար է ու հասանելի IOS Android օպերացիոն համակարգերի համար՝ NHS Smokefree/Public Health England անվան տակ։


4. Փորձագետի խորհրդատվություն

Անհրաժեշտության դեպքում մարտահրավերի մասնակիցները ունեն տեղական փորձագետի հետ հաղորդակցվելու, խորհրդատվություն ու քաջալերում ստանալու հնարավորություն ։ Համարվում է, որ փորձագետի միջնորդությունը չորս անգամ ավելացնում է ծխելը թարգելու արդյունավետությունը։ Անմիջապես կայքում կարելի է մուտքագրել օգտվողի հասցեի փոստային ինդեքսն ու գտնել տանն ամենամոտը գտնվող փորձագիտական գրասենյակը։


5. Շփում նախագծի այլ մասնակիցների հետ


Նախագծի հեղինակները Facebook սոցիալական կայքում հատուկ խումբ են ստեղծել, որին միանալով STOPtober-ի մասնակիցները կարող են շփվել միմյանց հետ, կիսվել խնդիրներով, փոխանակել կարծիքներ ու ծխելը թարգելու հաջողված նախադեպերը քննարկել։

Սոցիալական կայքի նախագծի պաշտոնական էջում առկա է նաեւ ամբողջական տեղեկատվություն այն ծխողների համար, ովքեր դեռ ծանոթ չեն մարտահրավերին կամ ուզում են ավելին իմանալ։ Առցանց ռեժիմում մասնագետի հետ կապ հաստատելու հնարավորությունը, մարտահրավերի այլ մասնակիցների մեկնաբանությունների հասանելիությունն ու կամքի ուժը, անխոս, լավ մոտիվացիա են ծխելը թարգելու ճանապարհին։


6. Ամենօրյա էլեկտրոնային նամակների ստացում


Ծխելը թարգելու նպատակի վրա կենտրոնացած մնալու համար նախագծի մասնակիցները կարող են ամեն օր տարատեսակ խորհուրդներով էլեկտրոնային նամակներ ստանալ․հարկավոր է ընդամենը գրանցվել համակարգում։ Նախագծի ազդեցությունն ավելի երկարատեւ դարձնելու համար էլեկտրոնային նամակի միջոցով աջակցությունը հնարավոր է նաեւ ստանալ STOPtober-ի ավարտից հետո։ Օգտվողի համաձայնությամբ Անգլիայի հանրային առողջապահության գործակալությունը վերջինիս տվյալները ներառում է տեղեկատվական բազայում ու ծանուցում առողջապահության ոլորտի վերջին նորությունների, ինչպես նաեւ սեփական առողջության մասին հոգ տանելու նորանոր հնարավորությունների մասին։

Այսպիսով, ծխախոտի ու ծխի դեմ պայքարը Մեծ Բրիտանիայում գործողությունների մի ամբողջություն է, որի կենտրոնում ծխողին աջակցություն ցուցաբերելու ու վերջինիս առողջության մասին հոգ տանելու գաղափարն է։

Տուգանքների ու այլ պատժամիջոցների փոխարեն, որպես ծխելը թարգելու հիմնական շարժառիթ դիտարկվում են ավելի առողջ լինելը, սեփական ընտանիքի ու շրջապատի մասին հոգ տանելն ու ծխելուց հրաժարվելու հետեւանքով գումար խնայելը։ Նախագծի կազմակերպիչները պարզ հաշվարկ են արել․ թարգելու որոշումն ընդունելուց հետո օրական մեկական տուփ ծխախոտ ծխողը գրպանում ամսական կունենա լրացուցիչ 250 ֆունտ։ Ըստ վիճակագրության, մոտ տասը միլիոն չափահաս բրիտանացի կանոնավոր ծխող են։

Նախագծի մեկամսյա տեւողությունը պատահական չէ՝ համարվում է, որ ծխելուց հրաժարվելու ամենաբարդ ժամանակաշրջանը հենց առաջին չորս շաբաթներն են, եւ եթե ծխողը կարողանա կամքի ուժ դրսեւորել այդ չորս շաբաթների ընթացքում, նրան հինգ անգամ ավելի հեշտ կլինի վերջնականապես թարգել։ Նշենք, որ տարեկան 250 հազարից ավելի մասնակից է միանում մարտահրավերին։