10:26 | 23.03.18 | Հոդվածներ | exclusive 37374

    Քլաես Միկկո Նիլսեն. Պարզ փիչն ամենաազդեցիկն է

    2018թ. փետրվարի 8-9-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է TechChill տեխնոլոգիական միջոցառումը, որը հյուրընկալել էր շուրջ 2000 ներկայացուցչի ամբողջ աշխարհից:

    Քլաես Միկկո Նիլսենը Nordic Business Angel Network-ի գլխավոր տնօրենն է, Finnish Business Angels Network (FiBAN)-ի համահիմնադիրը: Նա հայտնի է փիչինգ հմտությունների իր փորձով:

    TechChill-ի շրջանակում Itel.am-ի հետ զրույցում նա փիչինգին վերաբերող խորհուրդներ է տվել հայաստանյան ստարտափներին:

    Փիչը շոու է

    Փիչը շոու է՝ ցույց տալու համար, որ դու հետաքրքիր բան ունես: Վերջին 7 տարիներին լսում եմ անընդհատ փիչեր եւ կարող եմ ասել, որ, վստահաբար, փիչինգը ստարտափներ գտնելու լավագույն ձեւը չէ: Այն տալիս է միայն թեթեւ պատկերացում: Իրականում լուրջ հարցերը քննարկվում են դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ:  

    Գնահատելի է այն ձեռներեցը, որը չի վախենում փիչ անել օտար լեզվով, չի վախենում կանգնել հանդիսատեսի առջեւ եւ բարձրաձայն խոսել իր գործունեության մասին:

     Քլաես Միկկո Նիլսենը Քլաես Միկկո Նիլսենը
    photo © Անձնական արխիվից


    Պետք է թույլ տալ, որ փիչ անողը նախքան բեմ բարձրանալը փորձի հնարավորություն ունենա, քանի որ դա կօգնի բացառել սթրեսային պահերը: Մյուս կողմից, երբ փիչի ժամանակ ինչ-որ բան այնպես չի ընթանում, հետաքրքիր է hետեւել, թե ինչպես խոսնակը դուրս կգա այդ անսպասելի իրավիճակից: Սա նաեւ թույլ կտա հասկանալ, թե տվյալ մարդը իրական բիզնես աշխարհում հանդիպող դժվար իրավիճակներում ինչպես իրեն կդրսեւորի:
     
    Կարծում եմ՝ 5 րոպեն փիչի համար չափազանց շատ է, հատկապես այն դեպքերում, երբ չես հասկանում, թե այն ինչի մասին է: Ֆինլանդիայում ստանդարտը 3 րոպեն է:
     
    Ունկնդիրը պետք է կարողանա փիչը վերապատմել

    Շատ կարեւոր է, որ փիչ անես այնպես, որ քո բոլոր ունկնդիրները հասկանան, թե ինչ նկատի ունեիր: Եվ սա նույնիսկ այն դեպքում, երբ քեզ համար հավանական ներդրող կարող է լինել այդ լսարանի միայն մի քանի տոկոսը: Պատմի՛ր քո պրոդուկտի մասին այնպես, որ փիչը լսող ցանկացած մեկը դահլիճից դուրս գալով կարողանա այն վերապատմել տանը կամ ընկերներին:  

    Ձեռներեցական կիրքը պետք է արտահայտել

    Հարկավոր է ունենալ էներգետիկա, կիրք, որը ցույց կտա, որ դուք շատ նվիրված եք ձեր գործին: Հանրությունը սիրում է ձեռներեցական կիրքը: Բաց խոսեք այն մասին, թե ինչ եք անում, այլապես կկորցնեք ձեր լսարանը:

    Շատ կարեւոր է նաեւ տեղեկացված լինելը ձեր ստարտափին վերաբերող բոլոր թվերից:

    Նարինե Դանեղյան