11:31 | 22.02.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 38760

Armenia Startup Academy-ի շրջանավարտները՝ Earlyone

Հայաստանի ամերիկյան համալսարանում փետրվարի 3-ին կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն առաջին շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում իրենց նախագծերն են ներկայացրել 11 թիմ:

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի առաջին շրջանավարտներին:

Earlyone

Earlyone-ը հերթերի կառավարման համակարգ է՝ բաղկացած երկու հիմնական բաղադրիչներից՝ մոբայլ հավելված եւ հերթերի կառավարման ծրագրային ապահովում, որոնք աշխատում են ամպային տեխնոլոգիաների հիման վրա (Microsoft Azure):

Ստարտափն այժմ գործում է նաեւ բելառուսական 8 եւ վրացական 5 քաղաքներում։

Անվճար հավելվածն (iOS եւ Android) այս պահին ունի ավելի քան 35 հազ. ներբեռնում, իսկ ամսական կտրվածքով դրա օգնությամբ ստեղծված կտրոնների քանակը գերազանցում է 50 հազ-ը։

Earlyone-ը թույլ է տալիս բանկերում, բջջային օպերատորների գրասենյակներում, պետական հաստատություններում եւ այլ սպասարկման կենտրոններում հավելվածի միջոցով նախապես հերթագրվել եւ սպասարկվել՝ առանց հերթում սպասելու:

Ստարտափի թիրախում են բիզնեսները, որոնք իրականացնում են հաճախորդների սպասարկում, եւ օգտատերերը, որոնք կարեւորում են իրենց ժամանակը եւ չեն ցանկանում հերթում երկար սպասել:  

Earlyone-ի հիմնադիրը Գեւորգ Սաֆարյանն է, ով ունի ավելի քան 10 տարվա գործարար փորձ հաճախորդների սպասարկման որակը բարելավող լուծումներ ստեղծելու եւ հերթերի կառավարման համակարգերի ոլորտում: Թիմը բաղկացած է 10 հոգուց: Earlyone-ը ունի գրասենյակներ Երեւանում եւ Գյումրիում:

Earlyone-ում նշում են, որ 2017թ. ընթացքում շարունակել են համակարգերի ներդրումը բանկերում, բջջային օպերատորների գրասենյակներում, պետական հաստատություններում, ինչպես նաեւ մուտք են գործել ապահովագրական ընկերությունների եւ վիզաների տրամադրման կենտրոնների ոլորտ:

Մասնակցությունը Armenia Startup Academy-ին Earlyone-ի թիմին տվել է նոր գիտելիքներ ու գործիքներ՝ բիզնեսը զարգացնելու համար:

Earlyone-ը նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում համակարգը ներդնել առնվազն 6 երկրում, ինչպես նաեւ եռապատկել սպասարկման կենտրոններում տեղադրված Earlyone համակարգի ծավալները:
 
Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Նարինե Դանեղյան