09:31 | 07.02.18 | Նորություններ | exclusive 16656
Երեւանում նախօրեին գործարկվել է Repat Start-Up Mentorship ծրագիրը, որի նպատակն է աջակցել այն նորարարներին, որոնք ցանկանում են իրականացնել Հայաստանի զարգացմանն անմիջականորեն նպաստող նոր նախաձեռնություններ։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ունենալ անձնական մենթորի աջակցություն գործունեության ամբողջ ընթացքում, ինչպես նաեւ տրամադրում է մեկամյա բաժանորդագրություն քովորքինգ տարածքում։ Դիմորդը կարող է լրացնել հայտը մինչեւ մարտի 1-ը՝ այստեղ:
Itel.am-ի հետ զրույցում Repat Start-Up ծրագրի համակարգող Տաթեւ Բաբայանը նշել է, որ ծրագիրը որոնում է անհատների, որոնք ներկայում բնակվում են արտերկրում կամ նրանց, ում Հայաստան բնակվելու ժամանակը չի գերազանցում 3 տարին։
Նախապատվություն կստանան այն դիմորդները, որոնք փորձառություն կունենան բիզնես կամ հասարակական նախաձեռնություններում, որոնց գործունեությունը ներառում, բայց չի սահմանափակում զբոսաշրջության, բժշկական ծառայությունների, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հաղորդակցության եւ տեղեկատվության, կրթության, հասարակական նախաձեռնությունների եւ արտադրություն ոլորտները։
«Ընտրված նախաձեռնություններին, իրենց ուղղություններին համապատասխան, կկցվեն մենթորներ: Մենթորների հետ հանդիպումները կկայանան յուրաքանչյուր ամիս: Իսկ ամեն վեց ամիսը մեկ մասնակիցները կներկայացնեն, թե ինչ են արել այդ ժամանակահատվածում: Ծրագրի ավարտին նախաձեռնության արդյունքը կներկայացվի տարբեր ներդրողների: Քանի որ ծրագրի սկիզբն է, դեռ վստահ չենք, թե քանի ստարտափ կընտրենք, ամեն ինչ կախված է ստացված հայտերի քանակից»,- պարզաբանել է Տաթեւ Բաբայանը:
Ծրագրի մենթորների թվում են Ernst and Young ընկերության գործընկեր Էրիկ Հայրապետյանը, FAST-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ալավերդյանը, Digital Factory ընկերության գործադիր տնօրեն Դիանա Հովհաննիսյանը, Buran Venture Capital հիմնադրամի գործընկեր Վահան Վարդանյանը, Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում KPMG գործընկեր Վիկտոր Ակուլյանը, ARTEZIANICA Հայաստան ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Օլգա Պարախինան, Ginosi Apartels ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արեգ Գինոսյանը, Sensyan Club ընկերության գլխավոր տնօրեն Լուսինե Քասարջյանը, Skolkovo բիզնես դպրոցի շրջանավարտների խորհրդի նախագահ Գոռ Նահապետյանը։