09:35 | 30.01.18 | Նորություններ | 6553

Հայ երիտասարդները կհամագործակցեն աշխարհահռչակ 400 գիտնականների հետ

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ բիզնես-կրթություն-հանրային ոլորտ համագործակցությունը թեւակոխում է նոր փուլ, որի շրջանակում ամբողջ աշխարհում խոշոր ընկերություններն ավելի մեծ ուշադրություն են հատկացնում ակադեմիական միջավայրին, մասնավորապես՝ ԲՈՒՀ-երի հետ համագործակցությանը:

Ընկերությունների համար պարզից պարզ է, որ ժամանակակից աշխարհում բիզնեսը կարող է նպաստել հասարակության զարգացմանը՝ կրթական եւ հետազոտական աշխատանքներում ներդրումներ կատարելու միջոցով: Այս տեսանկյունից ԲՈՒՀ-երի հետ աշխատանքն առավել ակնհայտ տարբերակներից է:

Այն, մասնավորապես, ներառում է համատեղ հետազոտական ծրագրեր, ԲՈՒՀ-երում գիտական կենտրոնների բացում, ծրագրերի ֆինանսավորում եւ ուսանողների համար կրթական նոր հնարավորությունների ստեղծում:

Վերջին տարիներին Հայաստանում եւս զարգանում է փոխգործակցության այս ձեւաչափը:

«Սինոփսիս» ընկերությունը 2004-ից համագործակցում է ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի եւ այլ ԲՈՒՀ-երի հետ՝ միկրոէլեկտրոնիկայի ամբիոններ հիմնելով, 2011-ից Պոլիտեխնիկի տարածքում գործում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, 2016-ին ԵՊՀ-ի տարածքում բացվեց ISTC Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը՝ հագեցած գերժամանակակից տեխնիկայով, համալրված IBM տեխնոլոգիական լուծումներով, իսկ 2017-ին Գյումրիում եւ Վանաձորում իրենց դռները բացեցին Yandex ընկերության ծրագրավորման դպրոցները:

«Հայկական բլոկչեյն համաժողով»-ն էլ վերջերս հայտարարեց, որ Հայաստանում նախատեսում է տեխնոլոգիական կլաստեր ստեղծել, որը նաեւ կհամագործակցի Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երի հետ՝ կրթական եւ գիտահետազոտական համատեղ նախագծերի իրականացման նպատակով:


2017թ. «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն հայտարարեց Հայաստանում հետազոտություններ եւ մշակումներ (R&D) իրականացնող կենտրոն բացելու մասին՝ հաշվի առնելով երկրի գիտական եւ տեխնոլոգիական ասպարեզում ունեցած փորձառությունը: Այն կլինի երրորդն աշխարհում՝ համալրելով Շվեյցարիայում եւ Սինգապուրում գործող գիտահետազոտական կենտրոնների շարքը:

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի հետազոտական կենտրոնում իրականացվում են կիրառական հետազոտություններ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, թերմոդինամիկայի եւ բազմաթիվ այլ ոլորտներում։ Հայաստանում կենտրոնի բացումը հնարավորություն կընձեռի հայ երիտասարդ գիտնականներին համագործակցել համաշխարհային հռչակ վայելող 400-ից ավելի գիտնականների հետ նշված ուղղություններով։

2017թ. դեկտեմբերին ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր ստորագրեց Պոլիտեխնիկի եւ Երեւանի պետական համալսարանի հետ եւ հայտնեց իր պատրաստակամությունը Հայաստանում բարձր որակի մարդկային կապիտալի ձեւավորմանը նպաստելու գործում՝ հետազոտությունների ոլորտում երկարաժամկետ ծրագրերի միջոցով։

Ուշագրավ է, որ վերջին տարիներին «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը փաստացի սկսել է օգտագործել նորագույն տեխնոլոգիաները՝ ծխելու դեմ պայքարում, եւ արդեն ներդրել է մոտ $3 մլրդ:


«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը, որպես ավանդական ծխախոտին այլընտրանք, 2014-ից շուկա է հանել ծխախոտի տաքացման IQOS համակարգը: Դրա հիմքում բարդ տեխնոլոգիաներ են, որոնց օգնությամբ տաքացվում են հատուկ նախագծված ծխախոտի հատիկները:

Տեխնոլոգիաները բարդ են, տրամաբանությունը՝ պարզ․ եթե ավանդական ծխախոտի դեպքում թութունը վառվում է 600°C-ում՝ ստեղծելով վտանգավոր տարրերով լի ծուխ, ապա նոր տեխնոլոգիայով այն տաքանում է մինչեւ 350°C եւ չի առաջացնում կրակ, մոխիր կամ ծուխ:

Ընկերությունում նշում են, որ արդեն 3,7 մլն մարդ ամբողջ աշխարհում ավանդական ծխախոտից անցում է կատարել այս նոր տեխնոլոգիային:  
 
Հատկանշական է, որ IQOS համակարգը նախագծվել ու մշակվել է Շվեյցարիայի «Կուբ» գիտահետազոտական կենտրոնում։ Չի բացառվում, որ հայ գիտնականները եւս հետագայում իրենց ներդրումն ունենան ծխի դեմ պայքարում։