16:45 | 22.01.18 | Նորություններ | 21789

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հրապարակել է դեկտեմբերի 31-ի եւ հունվարի 1-ի վիճակագրությունը

2017թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) եւ 2018թ. հունվարի 1-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալն արձանագրել է գրեթե կրկնակի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում տեղեկացրել են, որ ինտերնետ թրաֆիկի ծավալի աճը հիմնականում պայմանավորված է սոցցանցերում բաժանորդների ինտենսիվ շփումներով, ինչպես նաեւ՝ OTT հավելվածների (Facebook Messenger, WhatsApp, Viber, Zangi եւ այլն) օգտագործման աճով:

«Այդ հավելվածների միջոցով իրականացված տեսազանգերի քանակը շուրջ 3 անգամ ավելին է, քան նույն ժամանակահատվածում՝ մեկ տարի առաջ: 2018-ի տարեսկզբին աննախադեպ մասսայականություն են վայելել սոցիալական ցանցերում իրականացվող ուղիղ հեռարձակումները: Ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած թրաֆիկի ծավալը մոտ 6 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը»,- նշել են ընկերությունում:

Նախորդ տարվա համեմատ մոտ 9%-ով աճել է նաեւ բջջային սարքերի միջոցով տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը:
 
Դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3,686,864 կարճ հաղորդագրություն, իսկ 2018թ. հունվարի 1-ին` 3,469,142:

Դեկտեմբերի 31-ին՝ մինչեւ կեսգիշեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 21,720,272, իսկ 2018-ի հունվարի 1-ին՝ եւս 20,620,881 զանգ:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 31-ին եւ 2018թ. հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,156,006 կարճ հաղորդագրություն՝ գրանցելով մոտ 30% աճ նախորդ տարվա համեմատ եւ 42,341,153 զանգ, կամ մոտ 4% աճ նախորդ տարվա համեմատ: