12:18 | 17.01.18 | Նորություններ | exclusive 7128

Քայլեր, որոնք կպաշտպանեն ձեր Instagram հաշիվները

Itel.am-ը, հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանում հայտնի անձանց Instagram էջերի վրա գրոհների մասին տեղեկությունները, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության տնօրեն Սամվել Գեւորգյանի օգնությամբ ներկայացնում է խորհուրդներ, թե ինչպես պաշտպանել հաշիվները հաքերներից:

Ի՞նչ է պետք իմանալ կայքում գրանցվելիս.

-    Օգտվե՛ք միայն այն էլ.փոստի հասցեից եւ հեռախոսահամարից, որին մուտք ունեք, քանի որ խնդիրների առկայության դեպքում կայքը այդպես է փորձելու նույնականացնել ձեզ:

-    Ընտրե՛ք այնպիսի գաղտնաբառ, որը կլինի բարդ գուշակելու համար: Կարեւոր է հիշել նաեւ, որ ձեր ընտրած գաղտնաբառը պետք է տարբերվի այլ սոցիալական ցանցերում կամ կայքերում ձեր ունեցած գաղտնաբառերից:

-    Համոզվե՛ք, որ գաղտնաբառի ճիշտ ընտրության կանոնը նաեւ կիրառել եք այն էլ.փոստի համար, որը նշում եք գրանցվելիս, քանի որ էլ.փոստին ազատ հասանելիություն ունեցող ցանկացած անձ հնարավորություն կունենա ձեր անունից նոր գաղտնաբառ ընտրել նաեւ ձեր Instagram-ի հաշվի համար:

Ի՞նչ կանոնների է պետք հետեւել առօրյա գործածության ժամանակ.

-    Հաշիվը կարգավորե՛ք այնպես, որ մուտք գործելու ժամանակ ձեր ինքնությունը նույնականացվի միայն երկրորդ գործոնի առկայության դեպքում:

-    Գաղտնաբառը հարկավոր է գաղտնի պահել եւ պարբերաբար փոխել այն: Մի՛ օգտվեք այն գաղտնաբառերից, որոնք նախկինում հասանելի են դարձել՝ որեւէ կայքում տեղեկատվության արտահոսքի պատճառով:

-    Գաղտնաբառը երբեք մի՛ տրամադրեք այն մարդկանց, ում չեք վստահում:

-    Սեսիան ավարտե՛ք (log out) կայքում ձեր առօրյա գործերն ավարտելուց հետո, եթե նույն սարքավորումից օգտվում են նաեւ այլ անձիք: Աշխատավայրում կամ հանրային օգտագործման համար նախատեսված սարքավորումներից օգտվելիս համոզվե՛ք, որ համակարգ մուտք գործելիս չեք նշել «հիշել ինձ» ֆունկցիան:

-    Խուսափե՛ք անծանոթ հետեւորդներից եւ փակե՛ք ձեր էջի տեսանելիությունը, եթե դուք հանրային գործիչ չեք կամ չեք ներկայացնում որեւէ բրենդ (ընկերություն):

-    Խուսափե՛ք անծանոթ (կողմնակի) ծրագրերին թույլտվություն տրամադրելուց, քանի որ դրանք հնարավորություն են ստանում կայքում գործողություններ կատարել ձեր անունից:

Ի՞նչ է պետք անել խնդիրների առկայության ժամանակ.

-    Մուտք գործելիս խնդիրներ նկատելու դեպքում փորձե՛ք վերականգնել ձեր գաղտնաբառը՝ նշելով ձեր էլեկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը:

-    Հաշվի հետ կապված որեւէ լուրջ խնդիր նկատելիս խորհուրդ է տրվում առաջին հերթին դիմել կայքի ադմինիստրատիվ եւ տեխնիկական պատասխանատուներին՝ ինքնությունը հաստատելու նպատակով ուղարկելով անձը հաստատող որեւէ փաստաթղթի օրինակ (անձնագիր, վարորդական իրավունք եւ այլն):

Մյուս կողմից, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ի տնօրենն արձանագրում է, որ Instagram-ն այլեւս լուրջ գործոններ չի կիրառում՝ օգնելու վերականգնել իր օգտատերերի հաշիվները՝ խնդիրների ամբողջ պատասխանատվությունը թողնելով օգտատիրոջ վրա:

Որո՞նք են սոցցանցերի հաշիվները կոտրելու նպատակները

Պատճառները միշտ տարբեր են, բայց ամենաշատը հանդիպում են տուժածների երկու խմբեր՝

- Բրենդներ, աստղեր, քաղաքական կամ հանրային գործիչներ՝ նպատակ հետապնդելով վնասել հասցեատիրոջ անունն ու հեղինակությունը:

- Անփորձ պատանիներ՝ հետաքրքրություն ցուցաբերելով պարզապես վնասել տվյալ անձին:

Հանդիպում են շատ դեպքեր, երբ որեւէ աստղի կամ քաղաքական գործչի նկարներով բացվում է կեղծ էջ եւ նրա անունից նյութեր տարածում նրա ընկերներին եւ անծանոթներին, այն դեպքում, երբ մարդիկ տեղեկացված չեն հեղինակի կեղծ լինելու մասին: Արդյունքում տուժում է նրա անունն ու հեղինակությունը եւ, ցավալի է. որ այս դեպքում անձը չի կարողանում դիմել ոստիկանության օգնությանը, քանի դեռ կեղծ էջի հեղինակը չի կատարել լուրջ հանցագործություն՝ ներառյալ կեղծ էջի միջոցով պոռնոգրաֆիկ նյութերի տարածումը կամ շորթումը:

Երկրորդ խմբում հիմնականում հանդիպում են անփորձ պատանիներ եւ երիտասարդներ, ովքեր որեւէ մեկին մերժել են սիրային հարցերում կամ նախկինում հարաբերություն են ունեցել որեւէ մեկի հետ, ով մեկ օր որոշում է տարածել նրանց անձնական նկարներն ու վարկաբեկել մեկին: Երկրորդ խմբի առանձնահատկությունն այն է, որ այս խմբում հանդիպում են շատ տուժածներ կամ տուժածների ծնողներ, ովքեր պարզապես չեն դիմում ոստիկանություն՝ վախենալով բարձրաձայնել խնդիրը կամ այդպես վարկաբեկել իրենց ընտանիքի հեղինակությունը շրջապատում: