15:49 | 28.12.17 | Նորություններ | 10822

Seaside Startup Summit-ը կանցկացվի նաեւ Գոայում

2018թ. մարտին Հնդկաստանի Գոա քաղաքում կանցկացվի Seaside Startup Summit-ը, որում ներկայացված կլինեն հնդկական ստարտափ էկոհամակարգի հիմնական դերակատարները, ինչպես նաեւ մի շարք թիմեր Հեռավոր Արեւելքի երկրներից:  

Արթուր Ջանիբեկյանի եւ Հակոբ Հակոբյանի կողմից հիմնադրված «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի Sevan Startup Summit ամենամյա բիզնես ֆորումը Seaside Startup Summit անվամբ  նախատեսվում է իրականացվել նաեւ ԱՄԷ-ում, Իսպանիայում, Սինգապուրում եւ մի շարք այլ երկրներում: Seaside Startup Summit-ի համաշխարհային նախագիծ դառնալու նպատակով «Գրանատուս վենչուրս» առաջին հայկական վենչուրային ընկերության հետ համատեղ հիմնադրվում է «Սիսայդ Ստարտափ Հոլդինգս» ընկերությունը:
 
«2016թ. առաջին «Sevan Startup Summit»-ից հետո ակնհայտ դարձավ, որ ստարտափ համայնքը ոչ ֆորմալ պայմաններում հաղորդակցվելու եւ նոր գիտելիքներ ձեռք բերելու մեծ կարիք ունի: Այժմ մենք հասել ենք նրան, որ աշխարհի մի շարք երկրներից ներդրողներ առաջարկում են մեզ նույն ձեւաչափով ստարտափ հավաքներ անցկացնել նաեւ իրենց երկրներում»,- նշել է «Ստարտափ Արմենիա»-ի համահիմնադիր Տիրան Հակոբյանը։
 
«Sevan Startup Summit-ի միջազգայնացումը հնարավորություն կտա հայկական ստարտափ էկոհամակարգին ուղիղ կապ հաստատել միջազգային ներդրողների եւ ստարտափ համայնքների հետ:  Մենք նախատեսում ենք սիսայդ սամիթների լավագույն մասնակիցներին հնարավորություն տալ մասնակցելու Sevan Startup Summit-ին, որը լինելու է տարվա գլխավոր միջոցառումը։ Հայաստանն արդեն իսկ ունի արդի տեխնոլոգիական լուծումներով ստարտափների շարք, որոնց բարդ տեխնիկական լուծումները տեղական մասնագետների յուրահատուկ որակների վրա են հիմնված: Մենք նպատակ ունենք Հայաստանը դարձնել համաշխարհային ստարտափ էկոհամակարգի կարեւոր հանգույցներից մեկը եւ այդ կերպ աշխարհի տարբեր երկրներից ներգրավել օտարերկրյա կապիտալ»,- նշել է «Գրանատուս Վենչուրս»-ի կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը: