10:57 | 27.12.17 | Հոդվածներ | exclusive 62941

2017. հայկական ՏՏ-ն ու խոշոր ներդրումները

2017թ. հայ հիմնադիրներ ունեցող մի շարք ՏՏ ընկերությունների հաջողվեց մեծաքանակ ներդրումներ ներգրավել տեղական եւ արտերկրի վենչուրային հիմնադրամներից եւ անհատ ներդրողներից:

Itel.am-ը ներկայացնում է հայ հիմնադիրներ ունեցող այն ընկերությունները, որոնք անցնող տարում $1 մլն եւ ավելի ներդրում են ստացել:

Reddit՝ $200 մլն


Ալեքսիս Օհանյանի համահիմնադրած Reddit սոցիալական լրատվական կայքն օգոստոսին $200 մլն ներգրավեց` ընկերության պատմության մեջ ամենախոշոր ներդրումային ռաունդի շրջանակում:  

Ներդրումն իրականացրրին Andreessen Horowitz, Sequoia Capital, Vy Capital, Fidelity վենչուրային ֆոնդերը, ինչպես նաեւ ներդրողներ Սեմ Ալտմանը (Y Combinator-ի նախագահ) եւ Ռոն Քոնվեյը (SV Angel).

Reddit-ը, որը ներկայում գնահատվում է $1,8 մլրդ, նախատեսում էր ներդրումն օգտագործել վեբ տարբերակի թարմացման եւ տեսանյութերի հետ աշխատանքի լուծումներ գտնելու նպատակով: Հարթակն ամսական 300 մլն այցելու ունի:

ServiceTitan՝ $80 մլն


ԱՄՆ-ում գործող՝ տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ առաջարկող ServiceTitan ընկերությունը, որի հիմնադիրներն են Արա Մահդեսյանը եւ Վահե Կուզոյանը, մարտ ամսին հայտարարեց, որ ներդրումային B ռաունդում $80 մլն է ներգրավել:

Որպես գլխավոր ներդրող հանդես եկավ ICONIQ Capital-ը:

2013թ. հիմնադրված ServiceTitan-ն այսօր ունի շուրջ 1000 հաճախորդ: Այն հարթակ է տրամադրում տնային ծսռայություններ մատուցող բիզնեսներին, որպեսզի նրանք առանց ավելորդ ջանքերի կառավարեն եւ ավելի ռացիոնալ դարձնեն իրենց գործողությունները, բարելավեն հաճախորդների սպասարկումը եւ զարգացնեն բիզնեսը:   

Epic!՝ $8 մլն


List.am-ի հիմնադիր Սուրեն Մարկոսյանի՝ ԱՄՆ-ում հիմնադրած Epic! ընկերության մշակած մանկական թվային գրադարանը հունիսին ներդրումային C ռաունդում $8 մլն ներգրավեց:

Ներդրումը ղեկավարեց Reach Capital-ը՝ TransLink Capital, Rakuten Ventures, Menlo Ventures, WI Harper, Brighteye Ventures եւ Innovation Endeavors-ի մասնակցությամբ:

Ընկերությունը ներդրումն օգտագործելու էր թիմի ընդլայնման, ինչպես նաեւ հարթակի մշակման աշխատանքների նպատակով:

ԱՄՆ-ում հիմնադրված Epic!-ը մանկական թվային գրադարան է՝ նախատեսված մինչեւ 12 տարեկան երեխաների համար: Ներդրումային 3 ռաունդներում Epic!-ն ընդհանուր առմամբ $21,4 մլն է ներգրավել: Ներկայում Epic!-ն օգտագործվում է ԱՄՆ տարրական դպրոցների 87%-ում: Այն հասանելի է AppStore-ում, Google Play-ում, ինչպես նաեւ Kindle-ում:

Teamable՝ $5 մլն


Մերուժան Դանիելյանի, Վազգեն Հակոբջանյանի եւ Հովհաննես Նուրիջանյանի՝ մարդկային ռեսուրսների կառավարումը դյուրացնող համակարգ մշակած Teamable ընկերությունն ապրիլին հայտարարեց True Ventures-ի ղեկավարությամբ $5 մլն ներդրում ստանալու մասին:

Ստացված ներդրումն օգտագործվելու էր Teamable-ի տվյալների շարժիչը կատարելագործելու (data engine), ալգորիթմները բարելավելու եւ վաճառքների ու մարքեթինգի ավելի մեծ թիմ հավաքագրելու նպատակով:

Teamable-ի ծրագրային ապահովումներն օգնում են ընկերություններին որակյալ թիմ կազմել եւ կառավարել արդեն առկա մարդկային ռեսուրսները: Ընկերությունն օգտագործում է արհեստական բանականության ալգորիթմներ՝ գործատուին առաջարկելով հարմար թեկնածուներ՝ հիմնված պահանջների, փորձառության եւ այլ գործոնների վրա:

Ներկայում Teamable-ն ունի ավելի քան 50 հաճախորդ, այդ թվում՝ Lyft-ը, Stripe-ը եւ Baidu-ն: 2013թ. հիմնված ընկերությունը գրասենյակներ ունի Սան Ֆրանցիսկոյում եւ Երեւանում:

Menu Group՝ $3 մլն


Menu Group UK Ltd-ն հոկտեմբերին հայտարարեց $3 մլն-ի ներդրում ներգրավելու մասին, որն օգտագործվելու էր տարածաշրջանային հետագա զարգացման համար։

Հիմնական ներդրողներն են Perea Capital Partners ամերիկյան ֆոնդը, Hayastan 1-ը, ինչպես նաեւ SOLventures վենչուրային ֆոնդը:

Menu Group-ը ստացած միջոցները կօգտագործի ՏՏ ենթակառուցվածքի զարգացման, հաճախորդների հետ կապի եւ սպասարկման որակի բարելավման, բոլոր շուկաներում մարքեթինգային ակտիվության ուժեղացման, ինչպես նաեւ նոր շուկաներ մտնելու համար։

Ավելի վաղ ընկերությունը մասնավոր ներդրողներից եւ Granatus Ventures վենչուրային ֆոնդից ներգրավել էր մոտ $2 մլն-ի փոխարկելի պարտք:

2017թ. օգոստոսին ընկերությունն ամրապնդել է առաջատարի դիրքը Վրաստանում՝ գնելով իր մրցակից Foodpanda Georgia-ին, որը պատկանում էր առաքման շուկայում գլոբալ առաջատարներից մեկին՝ Delivery Hero-ին։

Collectly՝ $1,9 մլն


ԱՄՆ-ում գործող հայկական ստարտափ Collectly-ն, որը կորպորատիվ օգտատերերի համար մեքենայական ուսուցման լուծմամբ (machine learning) պարտքերի կառավարման համակարգ է, հուլիսին $1,9 մլն սաղմնային ներդրում ներգրավեց:

Լեւոն Բրուտյանի համահիմնադրած ստրատափում արված ներդրումը գլխավորեց GoAhead Ventures-ը՝ Lightspeed Venture Partners-ի, Index Ventures-ի, WTI-ի, IT-Farm-ի, Cabra.vc-ի, Granatus Ventures-ի, HIVE-ի եւ OnWave Ventures-ի մասնակցությամբ:

Ներկայում ստարտափի ուշադրության կենտրոնում առողջապահության ոլորտն է: Ընկերությունը պատրաստվում է այս ոլորտում խոշոր ծրագիր իրականացնել ԱՄՆ-ում, որի նպատակով թիմը համագործակցում է էլեկտրոնային առողջապահության ամենամեծ բազա տրամադրող երկու ընկերությունների՝ Athena Health-ի եւ DrChrono-ի հետ:

Collectly-ն այս գարնանը մասնակցեց նաեւ ամերիկյան ամենահայտնի աքսելերատորներից մեկի`Y Combinator-ի ծրագրին:

****

2017-ին «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ընկերության կողմից ներդրումներ են ստացել IntelinAir եւ XCloud Networks ստարտափները, սակայն ներդրման չափը չի հրապարակվել: HIVE-ը, իր հերթին, ներդրում է կատարել հայկական Inapptics ստարտափում: Ներդրման չափը կրկին հայտնի չէ:

Նարինե Դանեղյան