13:19 | 08.12.17 | Նորություններ | 19501
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է Հայաստանում առաջին անգամ ներդրված՝ Wi-Fi Calling (Զանգ Wi-Fi-ով) ծառայության փորձնական գործարկումը:
«Զանգ Wi-Fi-ով» ծառայության առանձնահատկությունն այն է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները Wi-Fi ցանցի միջոցով կարող են զանգահարել հայաստանյան բջջային ու ֆիքսված բոլոր ցանցեր եւ ստանալ զանգեր նշված ցանցերից, իսկ արտերկրում գտնվելու դեպքում` զանգահարել եւ ստանալ ներցանցային զանգեր իրենց սակագնային պլաններով նախատեսված միեւնույն սակագներով: Ձայնային հաղորդակցություն կարող է հաստատվել նաեւ «Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օգտվող երկու բաժանորդների միջեւ. անհրաժեշտ է, որ նրանք միացած լինեն Wi-Fi ցանցերի՝ անկախ գտնվելու վայրից:
«Արտերկրում «Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օգտվելու դեպքում մեր բաժանորդն էականորեն կխնայի իր միջոցները՝ ստիպված չլինելով ակտիվացնել ռոումինգ կամ գնել այդ երկրում գործող օպերատորի SIM քարտ: Նա ընդամենը կօգտագործի սակագնային պլանով նախատեսված ներցանցային փաթեթը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի հեռախոսում առկա լինի համապատասխան գործառույթը՝ արտադրողի կողմից ներդրված եւ ակտիվացված:
Ռալֆ Յիրիկյանը նաեւ նշել է, որ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ կլինի համապատասխան սմարթֆոնի կարգավորումներում նախ ակտիվացնել «Wi-Fi Calling»-ը, եւ ապա՝ Wi-Fi ցանցի միջոցով կատարվող զանգերի համար սահմանել առաջնայնություն: Արդյունքում՝ բջջային ցանցին միացած լինելու դեպքում, սմարթֆոնը Wi-Fi ցանցում գրանցվելուն պես, զանգն ավտոմատ կերպով կկատարվի «Զանգ Wi-Fi-ով» ռեժիմով: Ծառայության ակտիվ լինելու կարգավիճակը երեւում է էկրանին: