13:19 | 06.12.17 | Նորություններ | 18974
Այսօր Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի եւ PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակիցներն այցելել են «Այբ» դպրոց։
Շրջայցի մասնակիցներին տպավորել են «Այբ» դպրոցի նորարար լաբորատորիաները, լեգո լաբը, մեդիալաբը, Ֆաբլաբը եւ այլն:
«Մենք Beeline-ում մեծ նշանակություն ենք տալիս կրթության զարգացմանը եւ ուսուցման առաջադեմ մեթոդների ներդրմանը, հատկապես նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Եվ երիտասարդների հետաքրքրությունն այս ամենի հանդեպ շատ ողջունելի է։ Վստահ եմ, որ այցելությունն «Այբ» կոգեւորի մեր ծրագրի մասնակիցներին էլ ավելի խորանալ ժամանակակից տեխնոլոգիաների մեջ եւ փոխել կյանքը երկրում դեպի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մարդկության ապագան սերտորեն կապված է տեխնոլոգիաների կիրառման հետ եւ քանի որ դպրոցներում կերտվում է այսօրվա աշակերտների ապագան՝ տեխնոլոգիաների հետ առնչվելը դպրոցական կյանքում ծայրահեղ կարեւոր է: Նրանք, ովքեր այսօր ընդամենը ոգեւորված են տեխնոլոգիաներով, վաղը կվերածեն դրանք իրենց հաջողության գրավականի: «Այբ»-ն այս մոտեցումն է պահում է իր ուշադրության կիզակետում»,- հավելել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։
««Այբ» դպրոցը շատ ժամանակակից է, եւ կարեւոր է, որ պատանիները անձամբ ծանոթանան դպրոցին եւ առաջարկվող հնարավորություններին: Beeline-ի աջակցությամբ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակից հինգ համայնքների ներկայացուցիչները հնարավորություն ստացան յուրացնել նոր տեխնոլոգիաների միջոցով համայնքային խնդիրները վեր հանելու հմտությունները։ Իսկ այս այցերի արդյունքում նրանք համայնքներ են տանում այն տեղեկատվությունը, որը կօգնի ապագայում կյանքի կոչել իրենց գաղափարները եւ մտահղացումները»,- նշել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Ծրագրի շրջանակում մասնակիցները լուսանկարում են իրենց համայնքների խնդիրները եւ PicsArt հավելվածի միջոցով պատկերում են այդ խնդիրների լուծումները: