12:02 | 24.11.17 | Նորություններ | 23613
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրով Արագածոտնի մարզում այս տարի բարեկարգ բնակարանի տեր է դարձել վեց ընտանիք:
Վեց տարվա համագործակցության ընթացքում Արագածոտնի մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել կամ տունը վերանորոգել է 21 ընտանիք: Հայաստանի տարբեր մարզերում լուծվել է 150 ընտանիքի բնակարանի խնդիրը:
«Կյանքը հարթ ճանապարհ չէ: Տարիների ընթացքում լինում են եւ՛ վերելքներ, եւ՛ վայրէջքներ, լինում են եւ՛ հաջողություններ, եւ՛ խոչընդոտներ: Գուցե հենց դա է կոփում մարդկանց՝ ստիպելով ուժեղացնել կամքը, աշխատելու վճռականությունը եւ հաջողության հասնելու ձգտումը: Կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուրն իրեն հեռու պահի ընկճվելու, հուսահատվելու անօգուտ մտքից եւ հավատա, որ ինքը կկարողանա կարեւոր գործ կատարել: Եվ եթե հավատա՝ ապա կկարողանա նաեւ իրականացնել իր երազանքները: Այս ընտանիքն անցել է հենց այդ ճանապարհով: Համոզված եմ, որ այս տան համար շարված յուրաքանչյուր քարի հետ նրանք ավելի մեծ կամք են ձեռք բերել: Երազանքն իրականացված է. հիմա նրանք պետք է նոր երազանքներ փնտրեն եւ ունենան դրանք եւս իրականացնելու վճռականություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2017 թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 31 մլն դրամի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 370 մլն դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար: