10:18 | 15.11.17 | Նորություններ | 13506

Freedom House. Հայաստանում ինտերնետը «մասնակի ազատ է»

Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Համացանցի ազատություն» (Freedom on the Net – 2017) զեկույցը, որում Հայաստանը ճանաչվել է «մասնակի ազատ ինտերնետով» երկիր (32 միավոր):

Երկրները զեկույցում դասակարգվել են 0-ից (ամենաազատ) մինչեւ 100-միավորանոց (ամենաքիչ ազատ) սանդղակով: Ըստ այդմ, 0-30 միավոր ստացած երկրները «ազատ» են, 31-60 միավորը՝ «մասամբ ազատ» եւ 61-100 միավորը՝ «ոչ ազատ»:

2016թ. Հայաստանը 30 միավոր էր վաստակել, 2014 եւ 2015թ.՝ 28 միավոր, 2013թ.՝ 29 միավոր:

«Ինտերնետի ազատությունն անկում է ապրել Հայաստանում այն բանից հետո, երբ օգտատերերը Facebook-ի ժամանակավոր սահմանափակումների առաջ են կանգնել, իսկ օնլայն մանիպուլյացիան աճել է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Ուղղորդված բոտերը տարածել են դեզինֆորմացիա եւ փորձել են խեղդել Twitter-ում անկախ գրառումները: Միաժամանակ, քաղհասարակության ակտիվիստները ստանում էին Google-ից ծանուցումներ, որ պետության հետեւում կանգնած հաքերները փորձում են կոտրել իրենց էլ օգտահաշիվները»,- ասված է զեկույցում:  

Freedom House-ը, սակայն, փաստում է, որ, ընդհանուր առմամբ, ինտերնետը շարունակում է մնալ համեմատաբար ազատ՝ ենթակառուցվածքներում աստիճանաբար բարեփոխումներով եւ բնակության ավելի մեծ թվի հասանելիությամբ:

«Ակտիվիստները կանոնավոր կերպով օգտագործում են սոցիալական մեդիան որպես գործիք՝ ներկայացնելու իրենց խնդիրները, իսկ ընդդիմությունն ու անկախ օնլայն մեդիան զարգանում են»,- նշված է զեկույցում:

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

Freedom House-ը չափել է համացանցի եւ թվային մեդիաների ազատությունը 65 երկրում։

Տարածաշրջանի երկրներից «ազատ համացանցով» երկիր է Վրաստանը (24 միավոր): Ադրբեջանում (58 միավոր) ինտերնետը «մասամբ ազատ» է, իսկ հարեւան Թուրքիայում (66 միավոր) եւ Իրանում՝ «անազատ» (85 միավոր):

Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում ինտերնետը, ինչպես անցած տարի, «անազատ» է:

Եթովպիան, Սիրիան եւ Չինաստանը «անազատ» ինտերնետով երկրների առաջատարներն են:

Ազատ երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն են գրանցել Իսլանդիան եւ Էստոնիան (6-ական միավոր): Նրանց հաջորդում են Կանադան, Գերմանիան եւ Ավստրալիան:

Երկրների ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ: