12:19 | 02.11.17 | Նորություններ | 19407
«Յանդեքս» ընկերությունը նոյեմբերի 1-ին գործարկել է հայերենով Յանդեքս.Քարտեզների խմբագրող ծառայությունը, որի օգնությամբ Հայաստանի բնակիչները «Յանդեքս»-ի թիմի հետ միասին կարող են ստեղծել հայկական քաղաքների եւ գյուղերի ճշգրիտ քարտեզները:
Ընկերությունում նշել են, որ սա կօգնի նաեւ բարելավել այն ծառայությունները, որոնք աշխատում են քարտեզների հիման վրա:
Քարտեզները խմբագրելու համար հատուկ գիտելիքներ չեն պահանջվում: Ծառայության հիմքում ընկած են արբանյակային նկարները, որոնց վրա կարելի է նշել տասնյակ տեսակի օբյեկտներ՝ ճանապարհներ եւ զբոսայգիներ, շենքեր եւ մուտքեր, խանութներ, լուսացույցեր եւ ճանապարհային տեսախցիկներ: Բիզնես-սեփականատերերը կարող են ավելացնել իրենց ընկերությունների հասցեները կամ դրանց աշխատանքային ժամերը: Որոշակի ստուգում անցնելուց հետո այդ տվյալները հասանելի կլինեն միլիոնավոր մարդկանց:
Դրանք կհայտնվեն ոչ միայն Յանդեքս.Քարտեզների վրա, այլեւ որոնման դաշտում, Յանդեքս.Տաքսի եւ Նավիգատոր հավելվածներում: Դա նշանակում է, որ օգտվողներն ավելի հեշտությամբ կարող են գտնել իրենց անհրաժեշտ հասցեն կամ նորաբաց սրճարանը, պլանավորել ուղեւորությունը կամ տաքսի կանչել ուղիղ մուտքի մոտ:
«Ռուսաստանում Յանդեքս.Քարտեզների խմբագրող ծառայությունն աշխատում է արդեն մի քանի տարի: Այդ ընթացքում ձեւավորվել է մարդկանց մի մեծ խումբ, որոնց համար քարտեզագրությունը ոչ միայն քարտեզների թարմացման միջոց է, այլ նաեւ հոբբի: Մենք քարտեզների ստեղծման մեծ հետաքրքրություն ենք նակատում նաեւ Հայաստանի բնակիչների կողմից, այդ իսկ պատճառով նրանց համար տեղայնացրել ենք այս ծառայությունը»,- նշել է «Յանդեքս»-ի գեոտեղեկատվական բովանդակության խմբի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկովը:
Ծառայության ռուսալեզու տարբերակի միջոցով օգտատերերն արդեն լրացումներ են կատարել Գյումրիի, Արենիի, Գորիսի եւ այլ քաղաքների ու գյուղերի քարտեզներում, ինչպես նաեւ հստակեցրել են Երեւանի սխեման: Վերջին մեկ տարվա ընթացքում նրանք Հայաստանի քարտեզի վրա կատարել են ավելի քան 400 հազար ճշգրտում: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը ճշգրտումների քանակով զբաղեցնում է 4-րդ տեղը: Առավել հաճախ մարդիկ նշել են ճանապարհները, շենքերը եւ հասցեները: Այդ տվյալներն արդեն հասանելի են «Յանդեքս»-ի ծառայություններում:
Հայկական քաղաքների քարտեզները Յանդեքս.Քարտեզների վրա հայտնվել են 2015թ.: