14:55 | 20.10.17 | Նորություններ | 50960
Աշխարհում ֆիքսված ու շարժական ինտերնետի արագությունը չափագրող Ookla իռլանդական ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը:
Ընկերությունն իր Speedtest հավելվածի միջոցով հավաքագրել ու վերլուծել է 2017 թվականին շարժական ինտերնետից օգտվողների արագության չափման արդյունքները:
«Մենք ուրախությամբ ենք Ucom-ին շնորհում Հայաստանում ամենաարագ շարժական կապի մրցանակը: Սույնով վկայում ենք Ucom-ի բացառիկ կատարողականության ճանաչումը 2017 թվականի երկրորդ ու երրորդ եռամսյակների կտրվածքով, ինչի հիմքում ընկած է հայաստանյան սպառողների կողմից իրականացված արագության չափումների տվյալների ճշգրիտ վերլուծությունը, որն Ookla-ն է արել»,- նշել է Ookla ընկերության գործադիր փոխնախագահ Ջեյմի Սթիվենը:
Speedtest-ի կայքում տեղակայված տեղեկատվության հիման վրա տեսանելի է աշխարհի 121 երկրների տեղակայումն ըստ շարժական ինտերնետի արագության։ 2016-ի տվյալները համադրելով 2017թ․ տվյալների հետ՝ տեսնում ենք, որ Հայաստանը բարելավել է իր դիրքն ավելի, քան 50 հորիզոնականով, ինչն, անշուշտ, Ucom-ի 4G+/ LTE Advanced շարժական ցանցի ներդրման արդյունք է։
«Հայտնի է, որ Ucom-ի ֆիքսված ցանցը շարունակաբար պահպանում է առաջատար դիրքը՝ մեր բաժանորդների համար հասանելի դարձնելով ամենաարագ ֆիքսված ինտերնետի ծառայությունները: Իսկ Ucom-ի 4G+/ LTE Advanced շարժական ցանցի ներդրման արդյունքում այսօր արդեն առավել գնահատելի է, երբ միջազգային անկախ ընկերության կողմից արդարացիորեն արժանանում ենք Հայաստանում ամենաարագ օպերատորի կոչմանը»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Ըստ պաշտոնական արդյունքի՝ հաղթող ճանաչված Ucom-ի շարժական ինտերնետի արագության ցուցանիշը երկու անգամ գերազանցում է 2017թ. համար մրցակիցների ցուցանիշները
Ookla Speedtest-ի մեթոդաբանությունը բացառում է իր հաշվարկներում կրկնվող փորձերի կամ արդյունքները շեղող այլ մեթոդների ներառումը՝ ապահովելով ստացված տվյալների անկողմնակալությունը եւ ճշգրտությունը:
Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների: Այսպիսով, եթե որեւէ ընկերություն լավագույն ցուցանիշներն ունի տվյալ երկրի որեւէ քաղաքում, իսկ ողջ երկրի տարածքով բարձր որակի ծառայություններ չի մատուցում, ապա ըստ Speedtest-ի՝ չի կարող համարվել երկրի ամենաարագ ցանցի մատակարարը: Տվյալ աշխարհագրական տարածքի արդյունքների վերլուծության մեջ ներառվելու համար շարժական ցանցի մատակարարը պարտավոր է համապատասխանել նվազագույն պահանջներին: Դրանցից կարեւորագույնն այն է, որ այդ երկրի ողջ տարածքում աշխատող եզակի սարքերի որոշակի քանակ պետք է վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր չափի ինտերնետի արագությունը: