09:29 | 19.10.17 | Նորություններ | 21447

Menu Group-ը $3 մլն կուղղի աշխարհագրության ընդլայմանը

Menu Group UK Ltd-ն այսօր հայտարարել է $3 մլն-ի ներդրում ներգրավելու մասին, որն օգտագործվելու է տարածաշրջանային հետագա զարգացման համար։

Հիմնական ներդրողներն են Perea Capital Partners ամերիկյան ֆոնդը, Hayastan 1-ը, ինչպես նաեւ SOLventures վենչուրային ֆոնդը: Վերջինի ղեկավարներից մեկը Լեւոն Հովհաննիսյանն է՝ ռուսաստանյան Delivery Club առաքման ծառայության հիմնադիրը: 2016թ. Mail.ru Group-ը ձեռք էր բերել Delivery Club-ը $100 մլն-ով։

Menu Group-ը ստացած միջոցները կօգտագործի ՏՏ ենթակառուցվածքի զարգացման, հաճախորդների հետ կապի եւ սպասարկման որակի բարելավման, բոլոր շուկաներում մարքեթինգային ակտիվության ուժեղացման, ինչպես նաեւ նոր շուկաներ մտնելու համար։

«Delivery Club ռուսական նախագծով ոգեշնչված՝ 2012թ. հիմնեցինք պատրաստի սննդի առաքման առաջին լուրջ ծառայությունը Հայաստանում՝ Menu.am-ը: Այսօր մենք կառուցում ենք գլոբալ ընկերություն: Այս ներդրումը թույլ կտա արագացնել զարգացման տեմպը, հասնել կառավարման եւ գիտելիքների նոր մակարդակի, դառնալ ավելի գիտահեն եւ արագ, հոգ տանել մեր բոլոր հաճախորդների, գործընկեր-ռեստորանների, անձնուրաց առաքիչների եւ մեր ընկերության մյուս աշխատակիցների մասին, որոնց նպատակն է գերազանց ծառայության մատուցումը»,- նշել է Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը:

Hayastan 1 ներդրումային գործընկերության ղեկավար Այզեք Շվարցը նշել է, որ այս ներդրման շնորհիվ ընկերությունը դուրս է գալիս պոտենցիալ զարգացման նոր մակարդակ:

«Մենք տպավորված ենք այն արդյունքներով, որոնց հասել է Menu Group-ի թիմը Հայաստանի, Վրաստանի եւ Բելառուսի շուկաներում։ Ներգրավված ներդրումները թույլ կտան ընկերությանը ոչ միայն ամրապնդել դիրքերը գործող շուկաներում, այլեւ ընդլայնել իր աշխարհագրությունը»,- ասել է Լեւոն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ընկերությունը մասնավոր ներդրողներից եւ Granatus Ventures վենչուրային ֆոնդից ներգրավել էր մոտ $2 մլն-ի փոխարկելի պարտք:

2017թ. օգոստոսին ընկերությունն ամրապնդել է առաջատարի դիրքը Վրաստանում՝ գնելով իր մրցակից Foodpanda Georgia-ին, որը պատկանում էր առաքման շուկայում գլոբալ առաջատարներից մեկին՝ Delivery Hero-ին։

«Այսօր Menu Group UK Ltd-ին Հայաստանում, Վրաստանում եւ Բելառուսում ռեստորաններից սննդի առաքման շուկայում բացարձակ առաջատար է: 5 տարվա ընթացքում ընկերությունը հասել է տարեկան 1 միլիոն պատվերը գերազանցող ծավալի: Ներկայում ընկերությունը գրավում է 2-րդ տեղը ԱՊՀ-ում՝ ընդհանուր պատվերների քանակով: 2017թ. նախնական հաշվարկներով՝ ընկերության հասույթը կգերազանցի $3 մլն-ը»,- նշել են ընկերությունում: