11:22 | 05.10.17 | Նորություններ | 4663

Հայաստանը Տալլինում մասնակցել է E-Partnership համաժողովին

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մասնակցել է E-Partnership խորագրով համաժողովին։

Համաժողովում քննարկվել է երկու հիմնական թեմա՝ «Կիբերանվտանգությունը եւ դեմոկրատիան» եւ «Ինչպե՞ս կարող են արեւելյան երկրներն ինտեգրվել եվրոպական միտումներին»։

Իր ելույթում Բորիս Դեմիրխանյանը ներկայացրել է Հայաստանի ՏՀՏ ոլորտում գրանցված ձեռքբերումները։ Նա անդրադարձել է նաեւ քննարկվող կիբերանվտանգություն եւ դեմոկրատիա համադրությանը, խոսել այն մասին, թե ինչպես կարելի է ՏՀՏ ոլորտը ծառայեցնել դեմոկրատիայի եւ ազատության ամրապնդմանը, բայց եւ ընդգծել, որ իրական դեմոկրատիան չի կարող փոխարինվել թվայինով։

Համաժողովն անցկացվում է ՏՏ ոլորտում գործարար համագործակցությունը խթանելու, տարբեր երկրների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու, ներդրումներ ներգրավելու, ՏՏ ոլորտի մասնագետների միջեւ համագործակցությանը խթանելու նպատակով: