10:51 | 23.08.17 | Նորություններ | 19895

    Յանդեքս․Տաքսին արդեն գործում է նաեւ Վանաձորում

    Վանաձորում գործարկվել է Յանդեքս․Տաքսի ծառայությունը, որը բնակիչներին հնարավորություն է տալիս տաքսի պատվիրել մոբայլ հավելվածի կամ կայքի միջոցով։

    «Վանաձորում գործում է միասնական սակագին. ուղեւորության նվազագույն արժեքը չի գերազանցում 200 դրամը՝ ներառյալ մեքենայի մոտեցումը եւ 2 կմ ուղեւորությունը, այնուհետեւ յուրաքանչյուր կմ-ի համար՝ 100 դրամից ոչ ավել։ Օրինակ՝ 200 դրամով կարելի է Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանից հասնել երկաթուղային կայարան, իսկ Հայքի հրապարակից դեպի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն ուղեւորությունը, որտեղ գործում է Յանդեքսի ծրագրավորման դպրոցը, կարժենա մոտավորապես 500 դրամ։ Քաղաքի սահմաններից դուրս գալու դեպքում երթուղու յուրաքանչյուր կմ-ն արժե 150 դրամից ոչ ավել»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

    Վանաձորում ծառայությանը միացել են երկու գործընկեր տաքսոպարկերի 50 ավտոմեքենաներ: Տաքսու մոտեցման միջին ժամանակը կազմում է 5 րոպե։ Տաքսու մոտենալու ընթացքին կարելի է հետեւել քաղաքի քարտեզի վրա՝ անմիջապես հավելվածում։

    «Մեր տեխնոլոգիաների ու ալգորիթմների շնորհիվ տաքսին դառնում է հարմար ու մատչելի փոխադրամիջոց։ Պատվերն ավտոմատ կերպով փոխանցելով մոտակա վարորդին՝ մենք նվազեցնում ենք մեքենայի մոտեցման ժամանակը եւ, հետեւաբար, ծառայության ինքնարժեքը, քանի որ վարորդը ստիպված չէ հասնել քաղաքի մյուս ծայրը՝ հաճախորդին մոտենալու համար։ Այժմ մեր ուղեւորություններն ամենամատչելին են Վանաձոր քաղաքում»,- նշել է Յանդեքս․Տաքսիի միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը։

    Հայաստանում Յանդեքս․Տաքսին արդեն գործում է Երեւան եւ Գյումրի քաղաքներում։

    Անվճար հավելվածը հասանելի է iOS եւ Android համակարգերի համար։