17:32 | 24.07.17 | Նորություններ | 8200

    Արբանյակային կապի ծառայություն մատուցող Global Star-ի ներկայացուցիչները Երեւանում են

    ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է արբանյակային կապի ծառայություններ մատուցող ամերիկյան «Գլոբալսթար» (Global Star) ընկերության կարգավորման հարցերով փոխնախագահ Բարբի Փոնդերին:

    Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Բարբի Փոնդերը ներկայացրել է ընկերության ծառայություններից մեկը, որը հնարավորություն է տալիս, գտնվելով աշխարհի ցանկացած կետում, որտեղ չկա բջջային կապ, սարքի մեկ կոճակի հպումով արբանյակի միջոցով գտնվելու վայրի մասին հաղորդագրությունն  ուղարկել ընկերներին ու ընտանիքի անդամներին:

    Ընկերությունն առաջարկում է նաեւ տեղորոշիչ (tracking) ծառայություններ` տրանսպորտային համակարգը կազմակերպելու եւ վերահսկելու ոլորտում:

    Վահան Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի տարածքի 90 տոկոսից ավելին ապահովված է բջջային ազդանշանով եւ առաջարկել է Բարբի Փոնդերին համագործակցության ուղիներ քննարկել տեղական մասնավոր շահագրգիռ ընկերությունների հետ: