12:02 | 18.07.17 | Նորություններ | 7491

Պետական հատվածի աշխատողները՝ Startup Cup-ի մասնակիցներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի եւ կրթական ոլորտում ներգրաված այլ պետական կառույցների աշխատակիցները՝ Startup Cup-ի շրջանակում հուլիսի 16-ին աշխատել են իրենց առաջարկած նորարար գաղափարների մշակման վրա:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող նորարար գաղափարների մրցույթի նպատակն է Հայաստանում կրթական ծառայությունների բարելավման ու նորարարություններ ներմուծելու վերաբերյալ առաջարկներ գտնելը: Ստացվել էր ավելի քան 40 հայտ, որից 25-ը մասնակցել է Startup Cup ձեւաչափի աշխատանքային հանդիպմանը:

BizNest ընկերության եւ «Այ Էյ Բի Միջազգային Ակադեմիայի» հետ համատեղ կազմակերպված Startup Cup ձեւաչափի միջոցառումն ենթադրում է թիմերի աշխատանք հրավիրված խորհրդատուների հետ, որոնք համատեղ մոդելավորում են գաղափարի իրականացումը:

Ժյուրիի գնահատման արդյունքում հետեւյալ երեք գաղափարները մրցույթի եզրափակիչ են անցել.

- Դպրոցների ընդունելության միասնական էլեկտրոնային առցանց համակարգ, որը կհեշտացնի ինչպես փաստաթղերի փաթեթների հավաքագրման, այնպես դպրոցի ընդունելության բուն ընթացքը:

- «Ակտիվ քաղաքացի» համայնքային հիմնախնդիրների հետազոտման նախագիծ, որն ուղղված է համայնքային խնդիրների լուծմանը՝ աշակերտների եւ ուսուցանողների ներգրավմամբ:

-Համակարգ մշակում, որով պարզեցվի կրթական ռեսուրսների մշակման եւ կիրառելու գործընթացը՝ ներգրավելով ուսուցիչների բոլոր հնարավոր փուլերում: Առաջակը հնարավորություն է տալու յուրաքանչյուր ուսուցչի՝ աշխատելու իր նախընտրած դասագրքով:

Հրավիրված խորհրդատուներ կրթության, ՏՏ, մարքեթինգի, բիզնեսի կառավարման, սոցիալական ծրագրերի մշակման, դիզայնի եւ այլ ոլորտներից ուղղորդել են մասնակիցներին իրենց աշխատանքում եւ պատմել սեփական փորձի մասին: