Yandex-ը եւ Uber-ն այսօր հայտարարել են նոր միավորված ընկերություն ստեղծելու մասին, որը կգործի Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում եւ Ղազախստանում:
Միավորված ընկերությունը կգործի 6 երկրի 127 քաղաքներում եւ ամսական կիրականացնի 35 մլն փոխադրում:
Համատեղ ընկերության վերահսկողությունը կիրականացնի Yandex-ը:
Նոր ընկերությունը կղեկավարի Yandex Taxi-ի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:
Գործարքն արդեն հաստատվել է երկու ընկերությունների տնօրենների խորհրդի կողմից. այն դեռ պետք է հաստատեն կարգավորիչ մարմինները: Նախատեսվում է գործարքն ավարտին հասցնել 2017թ. 4-րդ եռամսյակում:
Տիգրան Խուդավերդյանը հայտարարել է, որ նոր ընկերությունը կստեղծի «անձնական հանրային տրանսպորտ, որն այլընտրանք կլինի ցանկացած անձնական ավտոմեքենայի, ավտոբուսի կամ մետրոյի»:
Միավորվելուց հետո տաքսի հնարավոր կլինի պատվիրել թե՛ Yandex Taxi-ի, թե՛ Uber-ի հավելվածներով: Վարորդներն իրենց հերթին կմիավորվեն մեկ ընդհանուր հարթակում, ինչն կնպաստի հասանելի ավտոմեքենաների թվի ավելացմանը եւ կնվազեցնի սպասելաժամանակը:
Տիգրան Խուդավերդյանը նաեւ տեղեկացրել է Uber-ի հետ, այսպես կոչված, «ռոումինգ համաձայնագրի» մասին:
«Օրինակ, Լոնդոն կամ Բանգկոկ այցելելիս կարող եք Yandex Taxi-ի հավելվածով Uber պատվիրել, իսկ օրինակ՝ Փարիզից եկած զբոսաշրջիկը կկարողանա Uber-ի միջոցով Yandex Taxi պատվիրել»,- ընդգծել է նա:
The Verge-ի տեղեկություններով՝ NewCo անունով նոր ընկերությունը կարժենա $3,725 մլրդ: Uber-ը նոր ընկերությունում ներդրել է $225 մլն, իսկ Yandex-ը՝ $100 մլն:
Ընկերության բաժնետոմսերի 59,3%-ը կպատկանի Yandex-ին, 36,6%-ը՝ Uber-ին, իսկ 4,1%-ը՝ միավորված ընկերության աշխատակիցներին: