10:23 | 07.07.17 | IT պատանիներ | exclusive 105096

IT պատանիներ. Նանե Սարգսյան

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Այսօր Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

16-ամյա Նանե Սարգսյանը զբաղվում է AR/VR խաղերի մշակմամբ, իսկ ծրագրավորմամբ սկսել է զբաղվել 10 տարեկանից:

«Ինքնուրույն էի սովորում, բացի այդ՝ հայրիկս էր օգնում: Ճիշտ է, նա չի աշխատում որպես ծրագրավորող, բայց շատ բաներ գիտի ոլորտի մասին: Որքան ինձ հիշում եմ, հետաքրքրված եմ եղել տեխնոլոգիաներով, ցանկացած բանով, որը կարելի է անել տեխնոլոգիաների միջոցով: Սկսել եմ վեբ ծրագրավորումից՝ «Թումո»-ում, որտեղ զբաղվում էի ծրագրավորման մտածելակերպի զարգացմամբ: Ծրագրավորումը միայն լեզու սովորելը, խաղի կամ կայքի վրա աշխատելը չէ, այլ ալգորիթմային մտածելակերպը: Լեզուն իմանալը կարեւոր է, բայց երբ չես պատկերացնում, թե ինչպես այդ լեզուն օգտագործել, արդեն խնդիր է»,- նշում է Նանեն:

photo © Մեդիամքս


Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 11-րդ դասարանում սովորող Նանեն իր առաջին խաղը պատրաստել է 12 տարեկանում:

«Морской бой վեբ խաղ պատրաստեցի, ինչին հաջորդեցին մի քանի այլ խաղեր: Scratch լեզվով խոշոր խաղ եմ հավաքել, որը Digicode մրցույթում երկու մրցանակ ստացավ՝ լավագույն լաբորատորիա եւ լավագույն դիզայն: Եղբորս հետ համատեղ Unity-ով պատրաստված խաղով էլ մասնակցեցինք վերջին Open Game մրցույթին: Խաղը մի մարդու մասին է, որը նստած է գիրոսֆերայի մեջ եւ խողովակների միջոցով քայլելով՝ դրոններ է ոչնչացնում: Մեկ այլ պատրաստածս խաղի կոնցեպտը «կինդեր» ձվերն են՝ կոտրում ես տարբեր ձվեր, որոնց միջից տարբեր կերպարներ են դուրս գալիս: Խաղը պատրաստ է եւ շուտով հասանելի կլինի»,- պատմում է Նանեն:

Նա ներկայում աշխատում է լրացված եւ վիրտուալ իրականության էլեմենտներ ունեցող խաղի մշակման վրա՝ X-Tech ընկերությունում պրակտիկայի շրջանակում:

photo © Մեդիամքս


«X-Tech-ում պրակտիկան սկսել եմ անցած տարվա հուլիսից: AR/VR ուղղությամբ ստրատեգիա ժանրի խաղ եմ պատրաստում, որն ունի 3 բաժին: Առաջին մասը մոբայլ է. խաղացողն ունի իր կղզին եւ կարող է հավաքել իր աշխարհը: Երկրորդ մասը պարունակում է լրացված իրականության տարրեր, իսկ երրորդ մասը հագեցած է վիրտուալ իրականությամբ»,- պատմում է նա:

Նանեն կարծում է, որ տեխնոլոգիաները ստեղծված են մարդու կյանքը հեշտացնելու, բայց միանշանակ՝ ոչ փոխարինելու համար: Նրա խոսքով՝ դժվարանում է ընտրել իր երկու սիրելի գործերի՝ ծրագրավորման եւ անիմացիայի միջեւ:  

«Ցանկանում եմ երկու ճյուղով էլ հմտանալ: Պատրաստվում եմ շարունակել կրթությունս Ամերիկյան համալսարանում՝ ծրագրավորող մասնագիտությամբ: Եթե հնարավորություն լինի, ապա արտերկրի որեւէ բուհ կդիմեմ: Ինձ ապագայում Հայաստանում եմ տեսնում, եթե անգամ դրսում սովորեմ, անպայման վերադառնալու եմ»,- նշում է նա:

Բլից հարցեր՝

- Հեծանի՞վ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:

- Հեծանիվ, բայց այգում: Ես սիրում եմ ակտիվ կենսակերպ, երկար ժամանակ թայլանդական «մուայ թայ» եմ պարապել «Թումո»-ում մի դասընթացի շրջանակում:

- Աշխարհի երեսից վերացել են համակարգիչներն ու սմարթֆոնները, ի՞նչ կանեիր:

- Զրոյից կստեղծեի: Եթե գտնեի մարդիկ, որոնք կհամաձայնվեին միասին աշխատել, ապա թիմով կաշխատեինք, եթե ոչ՝ միայնակ էլ կկարողանայի: Բայց գերադասում եմ թիմը:
    
- Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը:

- Իմ երկու ամենամեծ երազանքներն են թռչել դեպի Լուսին եւ Պլուտոն: Բայց մեկ միլիոնը քիչ է դրա համար:

Երեւի ներդրում կանեի ստարտափներում: Սկզբում AR/VR ստարտափներում, չնայած մյուս ոլորտներն էլ են հեռանկարային:

- Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:

- Սիլիկոնյան հովիտ այցելել շատ եմ ուզում: Մալդիվյան կղզիներ իմ միջոցներով էլ կկարողանամ այցելել: Իսկ եթե ինքնուրույն հասնեմ Սիլիկոնյան հովիտ, միգուցե հենց այնպես ներս չթողեն որոշ ընկերություններ:

- ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:

-Շատերի հետ, բայց ամենաշատը երեւի Բիլ Գեյթսի հետ, քանի որ նա ինձ շատ է ոգեշնչում: Ծովամթերք կուտեինք:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի