11:10 | 19.06.17 | Նորություններ | 5989

    «Նիկիտա Մոբայլ»-ի PushPush հավելվածը կկառավարի ծանուցումները

    «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ն գործարկել է PushPush հավելվածը, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն կառավարել ստացվող գովազդային եւ տեղեկատվական ծանուցումները:

    Հավելվածը հասանելի է Google Play-ում:

    Հայաստանում թվային գովազդի նոր տեսակ ներկայացնող հավելվածը բաղկացած է 2 բաժիններից`«Կարեւոր» եւ «Գովազդային» ծանուցումներ:

    «Գովազդային» ծանուցումների ցանկից օգտատերերը կարող են ընտրել այն ծանուցումները, որոնք ցանկանում են ստանալ, իսկ «Կարեւոր» ծանուցումները, օրինակ` գազ, ջուր, արգելափակել հնարավոր չէ:  

    PushPush-ը հնարավորություն է տալիս հետադարձ կապ հաստատել գովազդատուի հետ: Բաժանորդագրվելով հավելվածին` հնարավոր է «Գովազդային» ծանուցումների ցանկից ընտրել, թե որ ծանուցումներն եք ցանկանում ստանալ: Հավելվածում կարելի է կառավարել ծանուցումներ ստանալու օրերը եւ ժամերը (գիշերային ժամերին լռելյայն ռեժիմով ծանուցումներ չեն ուղարկվում):

    ««Նիկիտա Մոբայլ»-ի հետ SMS առաքման շրջանակում համագործակցող բոլոր գործընկերների համար սա բացառիկ հնարավորություն է, քանի որ գործընկերները հնարավորություն ունեն օգտագործել նոր եւ ժամանակակից ծանուցման միջոցը»,- նշել է «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ Արա Յաղջյանը:

    Ընկերությունում նշել են, որ PushPush-ն ունի շատ պարզ ինտերֆեյս եւ գործում է նաեւ ռոումինգում: Ծանուցումներ ստանալու համար հարկավոր է միայն ինտերնետ կապ: Դրա բացակայության դեպքում ծանուցումները կստացվեն SMS հաղորդագրության տեսքով: Հավելվածին բաժանորդագրվելիս հարկավոր է գրանցել հեռախոսահամար (ավելի ուշ կարող եք Ձեր անձնական էջում ավելացնել եւս 3 հեռախոսահամար), որին կստացվեն SMS հաղորդագրությունները:

    Գովազդատուի համար հավելվածը եւս ունի մի շարք առավելություններ: Այն թույլ է տալիս ուղարկել անսահմանափակ երկարության գովազդային տեքստ, դարձնել գովազդը ավելի գունեղ` տեղադրելով նկարներ, աուդիո եւ վիդեո ձայնագրությունների հղումներ, գովազդատուի հետ հետադարձ կապի հեռախոսահամար:

    Առավելություններից է նաեւ այն, որ հանրային կարեւորության ծանուցումները համարվում են «Կարեւոր» ծանուցումներ, որոնք արգելափակել հնարավոր չէ: Գովազդատուն կարող է մանրամասն վիճակագրություն ստանալ ստացված եւ ընթերցված ծանուցումների մասին: