16:37 | 01.06.17 | Նորություններ | 79876

    Սուրեն Մարկոսյանի Epic! թվային գրադարանը $8 մլն է ներգրավել

    List.am-ի հիմնադիր Սուրեն Մարկոսյանի կողմից ԱՄՆ-ում հիմնադրած Epic! ընկերության մշակած մանկական թվային գրադարանը ներդրումային C ռաունդում $8 մլն է ներգրավել:

    Ներդրումը ղեկավարել է Reach Capital-ը՝ TransLink Capital, Rakuten Ventures, Menlo Ventures, WI Harper, Brighteye Ventures եւ Innovation Endeavors-ի մասնակցությամբ:

    Ընկերությունը ներդրումն օգտագործելու է թիմի ընդլայնման, ինչպես նաեւ հարթակի մշակման աշխատանքների նպատակով:

    ԱՄՆ-ում հիմնադրված Epic!-ը մանկական թվային գրադարան է՝ նախատեսված մինչեւ 12 տարեկան երեխաների համար: Հիմնադիրներն են Սուրեն Մարկոսյանը եւ YouTube, Google and Disney ընկերություններում թոփ պաշտոններ զբաղեցրած Քեւին Դոնըհյուն:

    Ներդրումային 3 ռաունդներում Epic!-ն ընդհանուր առմամբ $21,4 մլն է ներգրավել:

    Ներկայում Epic!-ն օգտագործվում է ԱՄՆ տարրական դպրոցների 87%-ում: Այն հասանելի է AppStore-ում, Google Play-ում, ինչպես նաեւ Kindle-ում:

    «Երեխաներին տրամադրելով հետաքրքրությունների վրա հիմնված ընթերցանության եւ կրթության զվարճալի հարթակ՝ Epic!-ը դարձել է առաջատար թվային բրենդն ամբողջ ԱՄՆ-ում՝ տանը եւ դպրոցներում: Մենք ուրախ ենք, որ ներդրումային ռաունդը ղեկավարում է Reach Capital-ը, քանի որ նրանց խոր գիտելիքները եւ սերը կրթության ոլորտում մեզ համար շատ կարեւոր կլինեն զարգացման գործընթացում»,- նշել է Epic!-ի գլխավոր գործադիր տնօրեն Սուրեն Մարկոսյանը:

    Գործարկումից մինչ օրս հարթակում 160 մլն-ից ավելի գիրք է ընթերցվել: Ամսական ընթերցումների թիվը շուրջ 24 մլն գիրք է ընդգրկում:

    2014թ. հունվարից գործող ընկերությունը համագործակցում է 250-ից ավել առաջատար հրատարակիչների հետ, այդ թվում՝ HarperCollins, Macmillan, Sesame Workshop, National Geographic Kids եւ Smithsonian Enterprises:

    Երեխաներին առաջարկվող կոնտենտը մանրամասն ստուգվում է մանկական հրատարակությամբ զբաղվող փորձագետների խմբի կողմից, իսկ հարթակի խորհրդատվական ալգորիթմը, ըստ երեխայի կարդալու մակարդակի եւ նախասիրությունների, նրան նախընտրելի տարբերակներ է առաջարկում: